Կողքիս հարևաններին ծեծել ջարդել են, մենք վախեցել ենք դուրս ենք եկել. ակցիա (տեսանյութ)
Վարչական դատարանը 10 օր առաջ մերժել է խաղաղ պայմաններում մահացած զինծառայող Տիգրան Օհանջանյանի մոր հայցն ընդդեմ ոստիկանության։ Գոհար Սարգսյանը պահանջել էր ոչ իրավաչափ ճանաչել Բաղրամյան 26-ի դիմաց ոստիկանների գործողությունները։ «Դուրս եկավ, որ ոստիկանության գործողություններն իրավաչափ են, ոստիկանությունն իրավունք ունի սպանված զինվորի ծնողների հետ նման ձև վարվել։ Ոստիկանապետն իրեն կարելի է ասել` գազանաբար է պահում։ Ո՞նց կարելի է սպանված զինվորի ծնողի վրա ոստիկանության ոհմակ ուղարկել»։ Վարչական դատարանը չի բացատրել, թե ինչու է 2015-ի փետրվարի 11-ին հերթական բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանների գործողություններն իրավաչափ համարում։ Կառավարության շենքի մոտ Գոհար Սարգսյանը հիշեցնում է՝ ինքը փողոցում է, քանի որ 10 տարի է որդու սպանությունը չի բացահայտվում։ «Օգոստոսի 30-ին կլրանա իմ որդու մահվան 10 տարին, ես պայքարելու եմ, կանգնելու եմ էնքան, մինչև մեղավորը պատժվի»։ Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը գիտի ինչն է գործերի չբացահայտման պատճառը. «Իրենք գումարները վերցրել են, դրել են գրպանները արդեն, և հիմա չեն ուզում բացահայտվի։ Որովհետև էն, որ փող ա տվել, կասի ես քեզ փող եմ տվել, ինչի՞ եմ տվել, որ գործը փակես»։ https://youtu.be/Qo9TQjWTYjs Գործադիրի շենքի մոտ իրենց մասին են հիշեցնում Դալմայի այգիների նախկին հողօգտագործողները։ Վարձակալության պայմանագրի ժամկետը չլրացած՝ հողերը վաճառվել է ներդրող ընկերությանը։ 12 հոգի սպասում է փոխհատուցման՝ 300 000 դոլարի չափով։ «Փոխհատուցում մենք ակնկալում ենք ստանալ քաղաքապետարանից։ Իրենք խոստանում են, որ տան, չեն ասում չէ, բայց ե՞րբ»։ Նաիրիտի նախկին աշխատակիցները գործարանում չարաշահումների փաստերով դիմել են դատախազություն։ Չնայած գործարանը չէր աշխատում, տնօրինությունը ընդլայնել է պահեստների տարածքները։ Չարաշահումները հաստատվել են և քննությունն ընթացքի մեջ է։ «1000 տոննա էինք մենք արտադրում, իսկ մեր պահեստներում հնարավոր էր պահեստավորել 5000 տոննա կաուչուկ ամսեկան։ Կաուչուկը չէր մնում պահեստներում, լավ վաճառվում էր, իսկ էդ պայմաններում նորից պահեստներ վերցնել դա իսկապես անթուլատրելի էր։ 10 միլիոն դոլար մսխվեց»,- ասում է Նաիրիտի նախկին աշխատակից Կարինե Շահվերդյանը։ Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները ևս շարունակում են պայքարը։ Պետությանը հանձնած բնակարանների դիմաց նրանք համարժեք փոխհատուցում են պահանջում։ Գոհար Ասատրյանն ասում է. «Մեզ չնչին գումարներով շպրտել են դուրս։ Ինձ անձամբ 230 դոլարով են շպրտել դուրս։ Կողքիս հարևաններին ծեծել ջարդել են, մենք վախեցել ենք դուրս ենք եկել»։ Պահանջը կառավարությունից մեկն է՝ մեկ քառակուսի մետրի դիմաց փոխհատուցման գումար սահմանել առնվազն 600 դոլար ու տարբերությունը վճարել։ Կառավարությունից պատասխանի ակնկալիքով եկած քաղաքացիները հեռացան ձեռնունայն։