Արթուր Սաքունցը տուժող է ճանաչվել (տեսանյութ)
Իրավապաշտպան Արթուր Սաքունցն իր դեմ մահվան սպառնալիքից 10 օր անց տուժող է ճանաչվել։ Քրեական գործ հարուցվել է հանցագործության մասին նրա հաղորդումից հետո։ Հունիսի 2-ին ֆեյսբուքում սպառնացել էին սպանել իրավապաշտպանին։ Պարոն Սաքունցը հասկացել է՝ որտեղից է գալիս հարձակումը։ «Ում ենք քննադատում՝ Պաշտպանության նախարարություն, իրավապահ մարմիններ, իշխանության գործունեություն։ Ցանկացած քննադատություն իրականացնողների նկատմամբ տրվում է պիտակավորում»։ Քրեական գործ է հարուցվել Քր. օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով։ Նախաքննություն կատարելու համար քրեական գործը կուղարկվի Քննչական կոմիտե։ Սպառնալիքի տեքստը իրավապաշտպան Արթուր Սաքունցին մտորելու տեղիք է տվել։ Սա ոչ թե սովորական, հայհոյանքի մակարդակի զրույց է, այլ շատ ավելի լուրջ բան. «Մարդ, որը տիրապետում է զենքին, էնա կասեր կկրակեմ, բայց երբ տալիս է կոնկրետ փամփուշտի նկարագրման տարբերակ, դա նշանակում է՝ ինքն առնվազն զենքի հետ առնչություն ունեցող, տիրապետող մարդ է»։ Մեդիակենտրոնում քննարկմանը մասնակցող Դատախազության ներկայացուցիչ Անդրանիկ Հակոբյանն ասաց. «Եթե պարոն Սաքունցը իր անձի նկատմամբ զգում է վտանգ, ապա իրավապահ մարմինների միջոցով կարող է միջոցներ ձեռնարկվել»։ Մինչ իրավապահները կփորձեն Արթուր Սաքունցին մահվան սպառնալիք տված անձին հայտնաբերել, իրավապաշտպանները արձանագրում են՝ բռնության ձգտումը հատուկ է հայաստանյան միջավայրին։ Ավետիք Իշխանյանն ասում է. «Ցավոք սրտի մենք այդպես էլ քաղաքակիրթ երկիր չդարձանք և դեռևս հասկացություններով ենք ապրում»։ Իրավապաշտպան Հայկուհի Հարությունյանն ասում է. «Միջավայրը որպես այդպիսին չափազանց պարարտ է, անհանդուրժողականության մթնոլորտը տիրում է, որի ուժով պայմանավորված անձինք իրենց իրավունք են վերապահում հանդես գալ կյանքի սպառնալիքներով»։ Ավետիք Իշխանյանը վստահ է՝ Արթուր Սաքունցի նկատմամբ սպառնալիքներ տեղացած անձը կապված է իշխանական շրջանակների հետ։ «Ես չեմ բացառում, որ նա ինքնուրույն գործած լինի, բայց որ ինքը իշխանության հովանու տակ գործող խմբավորման անդամ է, դրանում համոզված եմ»։ Իրավապաշտպանները չեն հավատում, որ մահվան սպառնալիք տեղած անձը կպատժվի։ Եթե անգամ նա հայտնաբերվի, կարժանանա չափազանց մեղմ պատժի։