Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը գայթակղիչ է ՆԱՏՕ-ի համար (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
nato-1

«Հայաստանը վաղ թե ուշ կանդամակցի ՆԱՏՕ»-ին,-համոզված է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ավագ վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը: Ըստ նրա, հենց տարածաշրջանային գործընթացներն են տանում դեպի անդամակցում. «Այսօրվա աշխարհաքաղաքական էս անկայունության պայմաններում որեւէ հարց չի կարող դրվել ՀԱՊԿ-ից կամ Եվրասիական միությունից դուրս գալու մասին: Բայց ՆԱՏՕ-ն ընդլայնվում է, ընդ որում դա ոչ թե ՆԱՏՕ-ն ինքն է ընդլայնվում, այլ ՆԱՏՕ-ի հարեւան պետություններն են քաղաքականություն տանում, որ ընդլայնվի»: Քաղաքագետը նկատում է, որ Հայաստանի հարեւան Թուրքիան արդեն իսկ ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ Վրաստաննն ուղիղ գծով գնում է դեպի Հյուսիսատլանտյան դաշինք: Հայաստանն ուղղակի այլընտրանք չունի. «ԱՊՀ-ն չեմ կարծում, որ ընդլայնվելու հնարավորություն ունի, ընդհակառակը, ԱՊՀ-ում մենք կարծես թե գործընկերներ չունենք, բացի իրավաբանորեն հաստատված գործընկերոջից՝ Ռուսաստանից: ԱՊՀ-ն Ռուսաստանի հետ հարաբերություններ ունեցող երկրների ակումբ է»: Պարոն Շահնազարյանը չի կարող կանխատեսել, թե հատկապես երբ Հայաստանը կանդամակցի ՆԱՏՕ-ին: Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը դժվարանում է նույնիսկ կանխատեսել՝ հնարավո՞ր է Հայաստանի անդամակցությունը. «Ես ամեն դեպքում Վանգան չեմ»: Տարածաշրջանում այսօրվա զարգացումներն, ըստ պարոն Նավասարդյանի, էլ ավելի են դժվարացնում կանխատեսումները Հայաստանի հնարավոր անդամակցության առումով: Բոլոր դեպքերում Հայաստանը գայթակղիչ է ՆԱՏՕ-ի համար հենց թեկուզ որպես սպառնալիք. «ՆԱՏՕ-ի համար ցանկացած տարածաշրջան, որը սահման ունի կամ մոտ է գտնվում ՆԱՏՕ անդամ երկրներին Ինքը պոտենցիալ սպառնալիք կամ պոտենցիալ անվտանգության խնդրի լուծում ներառող երկիր է, ազգ է, տարածք է եւ Հայաստանը բացառություն չէ, հաշվի առնելով, որ մեր անմիջական հարեւանությամբ հրդեհ է եւ ցանկացած պահի Հայաստանի դերակատարությունը կարող է կարեւոր լինել»: Հայաստանը կարող է օգտագործել ՆԱՏՕ-ն որպես իրեն հուզող խնդիրները քննարկելու հարթակ,-պարզաբանում է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Վիլյամ Լահուն. «Ամեն անգամ, երբ Հայաստանը գնում է ՆԱՏՕ, խոսում է Ղարաբաղի, Ադրբեջանի եւ Թուրքիայի մասին եւ աշխատում է համոզել դաշինքի անդամներին Հայաստանի տեսակետների շուրջ: Հետեւաբար սա կարեւոր հարթակ է Հայաստանի համար»: Ի դեպ, անդրադառնալով ապրիլյան քառօրյա պատերազմին ադրբեջանցիների կողմից ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի որոշ զինվորականների մասնակցությանը, դաշինքի ներկայացուցիչ Մագնուս Էլջոլֆսոնը նկատեց, որ այն, ինչ անում են ՆԱՏՕ-ի անդամ 29 երկրները ինքնուրույն քաղաքականության շրջանակներում, ՆԱՏՕ-ի գործը չէ: