Բացել լրահոսը Փակել լրահոսը
89
A A
Հասարակություն

Անահիտ Ավանեսյանը շնորհավորել է Բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել:

«Սիրելի՛ բուժքույրեր, շնորհավորում եմ ձեզ Բուժքույրերի միջազգային օրվա առթիվ:

Դուք բժշկին ու պացիենտին ամենամոտ կանգնածն եք, նրա գանգատին հասնողը և ձեր անհատական հատկանիշներով կարողանում եք ստեղծել վստահության, հոգատարության մթնոլորտ:

Ձեր առաջնային դերն է հոգ տանել քաղաքացիների առողջության մասին` առողջության առաջնային պահպանման և հիվանդանոցային օղակում, և աջակցել նրանց այն պահին, երբ դրա կարիքը կա:

Դուք` բուժքույրերդ, առանցքային դեր ունեք նաև արտակարգ իրավիճակների արձագանքման, ռիսկերի նվազեցման գործում. ձեզ վստահված է կարևոր առաջնագիծ:

Ձեր կարիքների գնահատումը և լուծումներ տալը մեր առաջնահերթություններից է. բոնուսային համակարգի ներդրմամբ` աշխատավարձերը վերանայելով` մենք խրախուսում ենք բուժքույրերի նվիրված, ամենօրյա աշխատանքը:

Չենք մոռանում նաև ձեր կրթական և մասնագիտական շարունակական զարգացման ծրագրերի կարևորության մասին, քանի որ ներդրում անելով ձեր մասնագիտական կարողությունների ուղղությամբ` միասին առաջընթաց կգրանցնենք մեր երկրում բուժքույրական գործի զարգացման գործում` բարձրացնելով ձեր դերը առողջապահական ոլորտում։

Ձեր ներուժի մասնակցությունը կարևորում ենք նաև համապարփակ առողջապահական ծածկույթի ապահովման առաջիկա գործընթացներում:

Շնորհավորում եմ յուրաքանչյուրիդ», - նշել է նախարարը: