Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զուգարանից օգտվելը՝«տառապանք պատճառող գործընթաց» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
prison

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին մտահոգել է քրեակատարողական հիմնարկներում իրենց պատիժը կրող անձանց խնամքի կազմակերպումը: Պաշտպանի գրասենյակը խնդիրներ է արձանագրել: Մասնավորապես, «Արթիկ», «Նուբարաշեն» եւ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալ որոշ հիվանդներ իրենց բնական կարիքները հոգացել են ուրիշ դատապարտյալների օգնությամբ: Միջազգային նորմերով սա անընդունելի է: Ըստ Պաշտպանի, սա պետք է անի հատուկ մասնագետը: Պաշտպանն անընդունելի է համարել խնամքի կարիք ունեցող առաջին կարգի հաշմանդամի դուրս գրումը հիվանդանոցից եւ նրան բանտ տեղափոխելը առանց պատշաճ խնամքի: Պաշտպանը «տառապանք պատճառող գործընթաց» է որակել երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող  դատապարտյալի զուգարանից օգտվելը: Այստեղ նույնպես խցակիցների կարիքն է զգացվել: Գրեթե բոլոր դրվագները մտահոգել են պաշտպանին: Սակայն դրանցից ոչ մեկը պաշտպան Արման Թաթոյանը դատապարտելի չի որակել: Վերջինս նկատել է, որ քրեակատարողական հիմնարկների անձնակազմը հաճախ ծանր դրության մեջ գտնվող դատապարտյալին հնարավորություն չի տալիս իր հաշվին օգտվել բժշկի ծառայություններից: Զեկույցում պաշտպանն անդրադառնում է մի դեպքի երբ սրտի խնդիրներ ունեցող հիվանդի ահազանգը բավարարվել է մի քանի ամիս անց: «Անթույլատրելի է»,-նկատել է Արման Թաթոյանը: Սակայն նա ընդունում է, որ պետության հնարավորությունները թույլ չեն տալիս լիարժեք ապահովել դատապարտյալի խնամքը, բայց դա պետությանը չի ազատում խնամելու պարտականությունից: Հիվանդ կամ խնամքի կարիք ունեցող դատապարտյալները հաճախ են բողոքել պարոն Թաթոյանին իրենց դրության մասին: Գրեթե բոլոր ուղղիչ հիմնարկներում Պաշտպանն արձանագրել է բուժական կադրերի պակաս: «Գորիս» քրեակատարողական հիմնարկում կա ատամնաբուժական կլինիկա, մինչդեռ ատամնաբույժ չկա: Իսկ հիվանդների հոգեբուժական ծառայություն իրականացվում է 12 քրեակատարողական հիմնարկից միայն 4-ում: Արման Թաթոյանը նկատում է, որ բուժական անձնակազմը բոլոր հիմնարկներում հենց ուղղիչ հիմնարկի աշխատողներ են, որոնք իրենց ծառայություններն իրականացնում են հիմնարկի վարչակազմի ուղղակի ենթակայությամբ: Մինդեռ բժիշկները պետք է անկախ լինեն: Պաշտպանին չի ոգեւորել նաեւ հիվանդներին տրամադրվող դեղերի որակը: Այդ առթիվ նույնպես նա բազմաթիվ բողոքներ է ստացել: «Վարդաշեն» ուղղիչ հիմնարկում, ըստ Պաշտպանի, դեղորայքի որակը բավարար է, բայց՝ սահմանափակ: «Սեւանում» սահմանափակ են ցավազրկող եւ հակաբորբոքային դեղամիջոցները: «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում անհրաժեշտ դեղորայք ընդհանրապես չկա, դատապարտյալներն իրենք են ձեռք բերում իրենց անհրաժեշտ դեղը: Պաշտպանը եզրակացնում է՝ այսպես պետությունը չի կարող պատշաճ կատարել իր պարտականությունը: Որոշ հիմնարկներում բժիշկներն իրենց միջոցներով են ձեռք բերում բուժական միջոցները, ուստի դատապարտյալները պետք է վճարեն դրանց դիմաց: Հաճախ բժիշկները չեն պահպանում նաեւ դատապարտյալի հիվանդության գաղտնիությունը, պաշտպանը նկատում է, որ բժշկության հետ կապ չունեցող անձնակազմը ծանոթանում է հիվանդության տվյալներին եւ հաճախ դատապարտյալին հիվանդությունը դարձնում վիրավորական որակավորում: Ի դեպ, խոշտանգումների եւ դատապարտյալների հանդեպ ուղղիչ հիմնարկի անձնակազմի դաժան վերաբերմունքի մասին 10-րդ կետում պաշտպանը որեւէ օրինակ չի նշում: