Արթուր Պետրոսյան. «Կարծում եմ, թիմը պատրաստ կլինի Չեռնոգորիայի հետ խաղին» (տեսանյութ)
«Սենթ Կիտս եւ Նեւիսի հետ խաղը կարեւոր էր նրանով, որ մենք տեսանք, թե մեր ֆուտբոլիստներն ինչ մարզավիճակում են գտնվում, ով որքանով է պատրաստ այս պահին: կարծում եմ, որ վեց օր հետո, Չեռնոգորիայի հետ խաղին թիմը պետք է որ պատրաստ լինի», - այսօր Երեւանում կայացած ֆուտբոլի Հայաստան – Սենթ Կիտս եւ Նեւիս ընկերական խաղից հետո հայտարարեց մեր հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հինգ անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը եւ վստահ հաղթանակ տոնեց՝ 5:0: Ի դեպ, սա սեփական դաշտում մեր թիմի տարած ամենախոշոր հաշվով հաղթանակն է: Խոսելով Չեռնոգորիայի առաջիկա հանդիպման մասին, Արթուր Պետրոսյանը նկատեց, որ այն դեռեւս ոչինչ չի վճռում եւ կարող է գրանցվել տարբեր արդյունք, սակայն թիմը խաղալու է միմիայն հաղթանակի համար: Սենթ Քիտս եւ Նեւիսի հավաքականի գլխավոր մարզիչ Ժակ Պասին նշեց, որ իրենք այնքան էլ հիասթափված չեն կրած պարտությունից: «Մեր փիլիսոփայությունը կայանում է նրանում, որ եթե ուզում ենք աճել, ապա պետք է հանդիպենք ուժեղ մրցակիցների հետ: Հայաստանը շատ ուժեղ խաղաց, բայց մենք էլ գործեցինք սխալներ, որոնք սովորաբար թույլ չենք տալիս: Հուսով եմ, որ 3 օր անց Վրաստանի հավաքականի հետ խաղում նույն սխալները չենք գործի», - ասաց հյուրերի գլխավոր մարզիչը: