«Փյունիկ»-ի նոր ղեկավարն առաջին կադրային փոփոխությունն է կատարել (տեսանյութ)
Այսօր Երեւանի «Փյունիկի» սեփականատեր է դարձել ռուսաստանաբնակ գործարար, մեր հայրենակից Արթուր Սողոմոնյանը: «Սա անհատույց գործարք է: Ակումբն անվճար է հանձնվել ինձ: Ցավոք, այսօր հայկական ակումբներն այնպիսի վիճակում են գտնվում, որ ավելի շատ ծախսում են, քան՝ վաստակում: Բայց հույս ունեմ, որ առաջիկա տարիներին իրավիճակը կլավանա, ավելի շատ մարդիկ ներդրումներ կկատարեն ֆուտբոլում, կավելանան ակումբների քանակը եւ ավելի հետաքրքիր կդառնա Հայաստանի առաջնությունը», - այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց նա: «Փյունիկի» նոր սեփականատերը նշեց, որ չի պատրաստվում արմատական փոփոխություններ կատարել ակումբում: «Առայժմ կադրային մեկ փոփոխություն ենք արել։ Ակումբի գործադիր տնօրեն է նշանակվել Արմեն Գյուլբուդաղյանցը: Ձեզ հետաքրքրող հարցերով կարող եք դիմել նրան»,- լրագրողներին խորհուրդ տվեց Արթուր Սողոմոնյանը, որն առաջին անգամ է փորձում իր ուժերը ֆուտբոլում: