Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իշխանությունները ցանկանում են դատավորներին դուր գալ» (տեսանյութ)

Հասարակություն
unnamed-1

Դատավորները, դատախազները եւ քննիչները պետք է բարձր աշխատավարձ ստանան. կարծում է նախկին պատգամավոր Պարգեւ Օհանյանը: 65 տարին չլրացած ու 20 տարվա ստաժ ունեցող դատախազների ու քննիչների թոշակի գնալու և նրանց բավականին բարձր թոշակ նշանակելու հարցը լուրջ դժգոհություն  է առաջացրել:    «Դատավոր լինի, դատախազ, թաղապետ, քաղաքապետ: Եթե նա ստանում է 160 հազար դրամ աշխատավարձ, ինչքան իմ օրոք էին ստանում դատավորները, նրանից չես կարող պահանջես, որ հեռու լինի կոռուպցիայից: Բայց եթե մարդը ստանում է 600 հազար, 800.000,  մեկ մլն դրամ աշխատավարձ, բնականաբար որեւէ կերպ արդարացված չի լինի նրանց կոռուպցիոն հավակնությունները»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պարգեւ Օհանյանը  Նախկին դատավորը  հիշեցրեց, որ նախորդ  օրենքն ընդունվել էր 2014թ-ին եւ նպատակ ուներ թարմացնել դատախազության կադրերը եւ  հին կադրերը թոշակի անցնելու շահագրգռվածություն ունենան։  «Ստաժ ունեցողները արդյունքում  եւ   թոշակ էին ստանում,  եւ  փաստաբանական գործին էին անցնում: Այս դեպքում, կարծում եմ,  որ շահեց արդարադատությունը, որովհետեւ դատախազությունը թուլացավ, փաստաբաններն էլ  ուժեղացան: Շահեց փաստաբանական համայնքը՝ ի դեմս փորձառու դատախազների»,-ասաց  Պարգեւ Օհանյանը: «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը եւս կարծում է, որ  պետք է կադրային փոփոխություն լինի։ Ըստ նրա՝  դատական, դատախազական համակարգի աշխատավարձը բարձրացնելով ապահովում են դատավորի անկախության կարևոր երաշխիքը. «Պետք է ոչ միայն ապահովված լինի բարձր աշխատավարձով աշխատանքի ժամանակ, այլ չունենա գայթակղություն՝ կուտակելու անարդար փողերով  թոշակի տարիքի կյանքն ապահովվելու համար»:  Մարդու իրավունքների նախկին պաշտպանը հիշեց, որ դատախազների աշխատավարձը բարձրացվել է 2008 թ մարտի 1-ից հետո, ինչը դիտվեց որպես կաշառք, քանի որ չբացահայտվեցին մարտի 1-ի սպանության դեպքերը:   Լարիսա Ալավերդյանի խոսքերով՝  ճիշտ կլիներ, որ խորհրդարանն օրենքի ընդունման  հարցում շտապողականություն չցուցաբերեր.  «Այդ շտապողականությունը կամ այլ նպատակ է հետապնդում, կամ իշխանությունները ցանկանում են դատավորներին դուր գալ: Ավելի են սերտանում իշխանություններ-դատական համակարգ հարաբերությունները»:   Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ ավելի սերտանում են այդ իշխանությունները իրար հետ,  ստեղծում են  ոչ թե հակակշիռ, այլ իրար հետ համաձայնվելու մեխանիզմը: