«Երեք տասնամյակում հարյուր հազարավոր երեխաներ չծնվեցին մեր երկրում»
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը շնորհավորում է երեխաների տոնը Հարգելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության անկախության շուրջ երեք տասնամյակում հարյուր հազարավոր երեխաներ չծնվեցին մեր երկրում: Օրվա իշխանությունների ապօրինությունների եւ թալանի պատճառով շուրջ մեկուկես միլիոն մեր հայրենակիցներ արտագաղթեցին Հայաստանից, ինչի հետեւանքով ապագա սերնդի զգալի մասը ծնվեց եւ դեռ կծնվի օտար երկրներում: Հայաստանում դեռեւս մնացած երիտասարդ ամուսիններն էլ վախենում են սոցիալական անապահովությունից եւ խուսափում զավակներ ունենալուց, քանի որ նրանց համար չեն կարող ապահովել պատշաճ կենսապայմաններ: Ծնունդների նվազումը պայմանավորված է նաեւ հղիությունը վաղաժամ ընդհատելու դատապարտելի երեւույթով՝ կապված երեխայի սեռի հետ: Մենք հավատացած ենք, որ հնարավոր է շտկել Հայաստանի ժողովրդագրական աղետալի իրավիճակը՝ արդար եւ օրինական իշխանությունների ձեւավորման ու տնտեսության համաչափ զարգացման շնորհիվ, ինչը գլխավոր նախապայմանն է մեր միլիոնավոր հայրենակիցների վերադարձի եւ հայոց օջախներում նորանոր մանուկների ծննդյան ճիչերի եւ ուրախության, ինչը կնպաստի «Յոթը որդով սեղան նստելուն»: «Երկիր Ծիրանի» կուսակցությունը շնորհավորում է մեր սիրելի մանուկներին եւ ցանկանում, որ իրենց մեծ, ազատ ու անկախ Հայաստան-Հայրենիքում մշտապես ժպտան նրանց անմեղ աչուկները եւ բազմապատկվեն նորածինների ճիչն ու մանկանց խինդը: «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն