Խոպանչիների երեխաները յուրովի են երջանկություն զգում. ՀՀԿ-ական պատգամավոր (տեսանյութ)
Ազգային ժողովն այսօր առավել մանկական էր, քան երբևէ։ Հայաստանի մանուկները մեծամասամբ երջանիկ են, վստահ են Ազգային ժողովի բակում հունիսմեկյան տոնին մասնակից ՀՀԿ-ական պատգամավորները։
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այս թեմայով հետազոտություն է արել, երբ դեռ բժշկությամբ էր զբաղվում. «Աշխարհի տարբեր երկրների ամենաերջանիկ համարողներից մեկը Հայաստանի երեխաներն են»։
ԱԺ նախագահը համոզված է՝ պաշտոնապես 35 %-անոց աղքատություն ունենալն անգամ Հայաստանի երեխաների երջանկությանը չի մթագնում։
«Նույնիսկ ամենադժվար սոցիալական վիճակում ընտանիքի մոտեցումը և հանրության մոտեցումը երեխայի նկատմամբ այնպիսին է, որ երեխան արդեն իրեն երջանիկ է զգում»,- ասում է Արա Բաբլոյանը։
Հանրապետական Հակոբ Հակոբյանը չի համարում, որ երեխաներին աղքատությունից փրկելու համար իրենք ոչինչ չեն արել։ Ավելին՝ վստահ է՝ երեխաների կյանքը ՀՀԿ-ն միայն դրականորեն է փոխել։
«Առավել երջանկացել են։ Մեզ մոտ շատ բան է փոխվել դեպի լավը, արդյո՞ք դա բավարարում է մարդու պահանջներին, իհարկե՝ ոչ, որովհետև մարդու պահանջներն աճում են ամեն օր»։
Բայց ի՞նչ երջանկության մասին խոսք կարող է լինել, երբ հայաստանցի փոքրիկներից շատերի հայրերն արտագնա աշխատանքի մեջ են։ Հակոբ Հակոբյանի պատասխանը խորհրդավոր է։
«58 տարեկան եմ և հիշում եմ, որ 58 տարվա մեջ արտագնա աշխատանքի մասնակցել են և հիմա էլ մասնակցում են։ Նրանց երեխաները ապրում են յուրովի, իրենց երջանկությունը զգում են յուրովի ու երբեք մի մտածեք, որ երջանկությունը փողի մեջ է»։
Հայաստանցի երիտասարդների մի մասը ապագան Հայաստանից դուրս է տեսնում։ Էդուարդ Շարմազանովը գլոբալիզացիայի հետ է դա կապում, երբ վերանում են պետությւոնների սահմանները։ Ընդունում է՝ Հայաստանը մրցունակ դառնալու կարիք ունի։
«Ուտոպիզմ է գոնե այս փուլում մտածել, որ Հայաստանը կարող է կարճ ժամանակում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կամ Գերմանիայի մակարդակի տնտեսություն ունենալ»։
Էդուարդ Շարմազանովն իր փորձով է համոզվել, որ երջանկությունը փողի մեջ չէ։ Ճիշտ քաղաքացի դաստիարակելու համար երեխան պետք է չմեծանա ջերմոցային պայմաններում։ Այնպես ինչպես ինքը։
«Հայրս ինձ ու եղբորս աշխատանքային դաստիարակության էր ուղարկում, մոշի էինք գնում, ասում էր ուզո՞ւմ եք մոշ ուտել, կոմպոտ խմել, գնացեք և աշխատեք»։
Աշխարհում առաջին անգամ հունիսի 1-ը որպես երեխաների պաշտպանության միջազգային օր նշվել է 1950 թ.-ից։ Օրն ազդակ է բոլորին՝ երեխաներին պահել մշտական ուշադրության, սիրո և պաշտպանության պայմաններում։

