«Թուրքական եւ ադրբեջանական կլկլոցներ սահմանամերձ համայնքներում չեն լսվի» (տեսանյութ)
Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր ՀՌԱՀ նախագահ Գագիկ Բունիաթյանը ներկայացրեց «Հեռուստաընկերության եւ ռադիոյի մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքների փոփոխությունները, որոնցով ընդլայնվում է ռադիոհեռարձակման ցանցը։ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը արձագանքեց` ասելով. «Այս նախաձեռնությամբ թուրքական եւ ադրբեջանական կլկլոցներ սահմանամերձ համայնքներում չեն լսվի, այլ միայն մեր ռադիոն կլսեն։ Այսպիսով լուծում ենք նաեւ ազգային ու ինֆորմացիոն անվտանգության հարցը»: Ելք դաշինքի պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը հետաքրքրվեց` հատուկ խլացուցիչնե՞ր են դրվելու, թե՞ թվայնացում է լինելու. «Եթե միայն թվայնացում, ապա այս դեպքում դեռ խնդիր ենք ունենալու»։ Գագիկ Բունիաթյանը պատասխանեց` նշելով, որ ամբողջությամբ թվայնացման խնդիրը չեն լուծի. «Մեր հարեւաններն ունեն համապատասխան քանակի ռադիոընդունիչներ, մենք մեր ունեցածը պետք է լրացնենք»։ Ելք դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարեց, որ որեւէ մեկը չհամարձակվի իրենց խմբակցության պատգամավորների հարցերի ժամանակ Թուրքիայից ու Ադրբեջանից սկսել խոսել. «Թե չէ մենք էլ կհիշեցնենք քառօրյա պատերազմը, ու պետք չէ հայրենասիրական դրոշներ բարձրացնել կոնտեքստից դուրս»: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը արտահերթ ելույթով պատասխանեց Նիկոլ Փաշինյանին. «Սահմանամերձ շրջաններին, որոնք ունեն սահմաններ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, իսկ դա ՀՀ 80-ից ավելի տոկոսն է, մենք հնարավորություն ենք տալիս այդ բնակչներին ավելի ճիշտ ինֆորմացիա ստանալ մեր ռադիոհաճախությունների միջոցով, այլ ոչ թե թուրքական կամ ադրբեջանական ռադիոներ լսել։ Մենք ընդունում ենք, որ իդեալական իշխանություն չենք, ինչը Հայաստանում երբեք չի եղել, բայց ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքները տվել է մեր աշխատանքի գնահատականը։ Գերմանիայի, Կիպրոսի, Սլովակիայի նման երկրները ընդունել են Հայոց ցեղասպանությունը ու առաջին անգամ բանակցային գործընթացում Մինսկի խումբն արել է հասցեական հայտարարություն։ Քառօրյա պատերազմում Ադրբեջանի ղեկավարությունն ունեցել է հստակ ֆիասկո։ Առաջարկում ենք բոլորիս աշխատել միասին»: