Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԸՀ-ն մերժեց «Ելք» դաշինքի դիմումը (թարմացված) (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
kyh-nist

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց «Ելք» դաշինքի երկու դիմումները՝ Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ մասնակցության գրանցումն անվավեր ճանաչելու վերաբերյալ: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ընթերցեց որոշումը, որում նշվում էր, որ դիմումը փաստարկված չէր, ապացույցներ չկային: Նա նշեց, որ ԿԸՀ որոշումը կարող է բողոքարկվել Վարչական դատարանում՝ մինչև մայիսի 13-ը ժամը 18։00։   ժամը 20:00 «Ելքը» ընդդեմ ՀՀԿ-ի դիմումի քննարկման ժամանակ այսօր ԿԸՀ հրավիրած արտահերթ նիստին մասնակցեցին նաեւ ՀՀԿ ներկայացուցիչներ: Նրանք միջնորդեցին մասնակցել նիստին որպես երրորդ անձ: Հիշեցնենք, որ «Ելքի» անդամները հանձնաժողով են ներկայացրել փաստեր՝ ՀՀԿ շտաբից քաղաքացիները դուրս են եկել քվեաթերթիկներով՝ երրորդ համարի՝ Տարոն Մարգարյանի դիմաց նշումով, ու քսան հազարական դրամներով: ԿԸՀ նախագահ Մուկուչյանը նկատեց, որ տեսանյութում հստակ չեն երեւում «Ելքի» բարձրաձայնած հարցերը, ապա հարցրեց. «Եթե դա եղել է բաժանման գործընթաց, ինչպես դիմումի մեջ է նշված, սրա կապակցությամբ որեւէ ապացույց ունե՞ք, կարո՞ղ եք ներկայացնել»: «Ելքի» ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանն էլ ասաց, որ ականատես վկան է մասնակից եղել գործընթացին. «Մի գործընթաց, որը շարունակական բնույթ է կրում, եւ մենք չունենք փաստ այն պատճառով, որ դա արվել է ապօրինաբար»: «Ելքի» մեկ այլ ներկայացուցիչ՝ Վահագն Հովակիմյանն էլ ընդհատեց՝ ասելով, թե Խաժակյանին հարցեր են ուղղում՝ հաշվի չառնելով, որ նա չէ դիմումատուն: «Պարոն Խաժակյան, կողմնորոշվեք, հարցնում եմ՝ ընտրակաշառք տեսե՞լ եք, ասում եք՝ չէ, այդ պահին այնտեղ չեմ եղել, քվեաթերթիկը տեսել եք, ասում եք՝ հեռավորության վրա եմ եղել»,- ասաց Տիգրան Մուկուչյանը: ԿԸՀ անդամ Սմբատյանն էլ հարցրեց՝ եթե նույնիսկ ինքներդ չեք տեսել այդ քվեաթերթիկները, ապա ո՞ր իրավունքով՝ բարոյակա՞ն, թե՞ իրավական իրավունքով եք ԿԸՀ-ին մեղադրում, թե ՀՀԿ շտաբից հանվել են մեր տպագրած քվեաթերթիկները: Ըստ նրա, քվեաթերթիկի նմուշն իրենց կայքում է տեղադրված, ու ցանկացած մեկը կարող էր այն կրկնօրինակել ու որպես քվեաթերթիկ օգտագործել: Ի պատասխան «Ելքի» ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը պատասխանեց. «Ամենեւին ձեզ երբեւէ վիրավորելու ցանկություն չունեմ, բայց խնդրում եմ՝ լինեք այն հանձնաժողովը, որով կհպարտանար ՀՀ քաղաքացին»: Ի դեպ, նիստին ցանկություն հայտնեց մասնակցել փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, որը նաեւ «Ելք» դաշինքում պատգամավորության թեկնածու էր, բայց պարոն Մուկուչյանը նրան դուրս հրավիրեց՝ ասելով, որ ինքը լիազորություններ չունի: ՀՀԿ ներկայացուցիչն էլ ասաց, որ ՀՀԿ-ն սահմանված կարգով պատվիրել ու տպագրվել է քվեաթերթիկի նմուշ, որի վրա կան տպաքանակի մասին տվյալներ: ՀՀԿ-ն իր որեւէ շտաբում կամ ենթաշտաբում չունի այս նմուշից տարբերվող այլ քվեաթերթիկ: