«Ծառուկյան»-ականները դեմ են մանդատ չստանալու որոշմանը (տեսանյութ)
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում քննարկվում է քաղաքական ուժերի ցուցակներում ընդգրկված՝ ինքնաբացարկ ներկայացրած պատգամավորի թեկնածուների գրանցումն ուժը ճանաչելու հարցը։ Այստեղ մեծ թիվ են կազմում «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները, ովքեր դեմ են մանդատ չստանալու որոշմանը։ Նրանք հիմնականում խուսափում են պատասխանել լրագրողների հարցերին, առաջարկում են հետևել նիստին, որի ընթացքում իրենց տեսակետները կներկայացնեն։ «Ծառուկյան» դաշինքից մանդատը վայր դնելու մասին դիմումը չեղարկելու համար ԿԸՀ է դիմել պատգամավորության 11 թեկնածու։ Տիգրան Մուկուչյանն ընթերցեց 11 պատգամավորների անունները. Վահան Կարապետյան, Նապոլեոն Ազիզյան, Խաչիկ Մանուկյան, Ալիկ Եղիկյան, Սերգեյ Բագրատյան, Արարատ Զուրաբյան, Մուշեղ Սաղաթելյան, Մանուկ Սուքիասյան, Հրանտ Դավթյան, Արթուր Մանուկյան եւ Արտյոմ Ծառուկյան: Ինքնաբացարկի դիմումներից հրաժարվելու վերաբերյալ դիմումներից միայն մեկն է եղել նոտարական վավերացման, Նապոլեոն Ազիզյանի դիմումը: Մյուսները ցանկություն են հայտնել ներկա լինել ԿԸՀ նիստին: