Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անսովոր «բեսեդկաներ»՝ Երևանում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Untitled1-3

«Երևան 2.0» նախագիծ կամ թարմացում՝ Երևանին։  Այս ծրագրով գեներացվում են գաղափարներ, գտնում ֆինանսական ռեսուրսներ՝ այն իրականություն դարձնելու համար։ «Աշխարհի օպերացիոն համակարգը վաղուց փոխվել է, մենք մի փոքր մնացել ենք հին համակարգում և որպեսզի քաղաքն ափդեյթ անենք, այսպես ասած՝ 2.0-ի վերածենք, մենք պետք է տեսնենք՝ աշխարհում ինչ առաջադեմ նախագծեր են իրականացվում»,- «Ա1+»-ին ասում է «Երևան 2.0» նախագծի հիմնադիր Գայանե Մանուկյանը։ Առաջին թարմացումներն արդեն արված են.  երևանցիներին խորհուրդ է տրվում  քայլելիս նայել ոտքերի տակ։ «Այսօր զբոսնելով Օպերայի տարածքում դուք կարող եք տեսնել 4 դիտահոր, որ փոխել ենք և դարձրել երաժշտական։ Այնտեղ մենք ունենք Անուշ օպերայից, Գայանե բալետից հետաքրքիր իլյուստրացիաներ»։ 300-ից ավելի արևոտ օր ունեցող քաղաքում կա արևային էներգիայի մեծ հնարավորություն։  Թիմը հաշվի է առել սա. արդյունքում՝ արդեն այս ամառ Երեւանում կտեղադրվի  անսովոր գործառույթներով առաջին զրուցարանը։ Գայանե Մանուկյանն ասում է. «Դա նույն բեսեդկան է, որտեղ մեր բարեկամները, հարևանները նստում են, զբաղվում են ազատ ժամանակ, մենք փորձում ենք այդ բեսեդկա ֆորմատը դարձնել 2.0։ Այն կլինի, արևային էներգիայով սնվող, այնտեղ կլինի, անվճար wifi, կլինի LCD էկրան, որտեղ դաստիարակչական նյութեր կտեղադրենք»։ Տաղավարների տեղադրման տարածքի ընտրության հարցը հատուկ է դրված։ Այն պետք է լինի լքված, և ոչ այնքան բարեկարգ. «Նմանատիպ տաղավարներ այնտեղ տեղադրելով մենք գուցե հրավիրենք ուշադրություն դեպի այդ տարածքները և այդ տարածքը սկսի բնականորեն զարգանալ»։ Դիտարկվում են Բուսաբանական, Օղակաձև այգիները։ Սակայն անխնամ  Օղակաձև այգում սրճարանատերերը հակված չեն նորույթների։  «Մենք չենք կարողանում իրենց բացատրել, որ ունենալով այլ տեսակի բիզնես, դուք կարող եք խթանել նաև այգու բարեկարգմանը։ Այսինքն՝ եթե մենք ունենք չաշխատող սրճարան, դրա փոխարեն կարող ենք ունենալ աշխատող հեծանվի վարձակալության կայան»։ Մարզվել մարզասրահներից դուրս՝ առողջ միջավայրում։ «Սթրիթ վորքաութ» համաշխարհային շարժումը նաև Հայաստանում է։ Սպորտային նոր մշակույթի հայաստանյան արմատները ծիլ են տվել հենց «Երևան 2.0» ինկուբատորում։  «Քաղաքում մի քանի կետ կա, որտեղ այսօր տեղակայված են մարզվելու համար սարքավորումներ՝ տարբեր տեսակի վարժություններ կատարելու համար։ Սպորտսրահ կարող են գնալ մարզասերներ, այս տեսակի մարզաձևով չեն զբաղվի բոլորը, կզբաղվեն միայն հատուկ մարդիկ»,- ասում է Գայանեն։ Քաղաքային ինկուբատորում մշակվող գաղափարների իրականացման համար չկա պետական ֆինանսավորում։ Աջակցում են սոցիալ ձեռներեցները, ովքեր սիրահարված են Երևանին ու ֆինանսական շահ չեն հետապնդում։