Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ է սպասվում զբոսաշրջիկներին Հայաստանում այս տարի (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
374d036ebc9fb8687605aaeeef4988ba

2017-ին Հայաստան այցելող զբոսաշրջիկները ձանձրանալու պատճառ չեն ունենա։ Արդեն հաջորդ ամսվանից Հայաստանի տարբեր շրջաններում փառատոններ կանցկացվեն։ Մայիսի 5-ից 6-ը գինու փառատոն՝ Սարյան փողոցում, մայիսի 20-ին՝ տոլմայի փառատոն, «Հացը լեռներում» խորագրով միջոցառումն էլ Թումոյի այգում՝ մայիսի 10-ին։ Առջևում են նաև խորովածի, գաթայի, ինչպես նաև ԱՐՏ-ՖԵՍՏ երիտասարդական միջազգային փառատոնները։ «Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ ղեկավար Սեդրակ Մամուլյանի խոսքով՝ այնուամենայնիվ, զբոսաշրջիկների ներգրավման խնդիր կա և պետք է երևա պետական ձեռքը. «Բնականաբար պետական մարմիններն էլ պիտի աջակցեն սրան, սա հասարակական կազմակերպության կամ նախաձեռնողների ու իրականացնողների ռեսուրսներով չեն կարող։ Հստակ պիտի համակարգվի»։ Նրա խոսքով՝ այս խնդիրը վերջին տարիներին որոշակիորեն լուծվել է ներգնա տուրիզմի առումով. «Վերջին երկու-երեք տարիներին հատկապես մեր տեղական տուր-օպերատորները միշտ ներառում են ներգնա տուրեր և շատ հետաքրքրություն է առաջացնում նաև դրսում։ Օրինակ՝ անցած տարի մեր խորովածի փառատոնի համար Վրաստանից տուրիստական կազմակերպությունները բանակցում էին, որ կարողանան մարդկանց ներգրավել Վրաստանից»։ Արտասահմանցիներին Հայաստան բերելու համար այլ գործողություններ էլ են կատարվում։ «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանն ասում է. «Մի քանի փառատոնների ցանկ ենք կազմում և այդ ինֆորմացիան ուղարկում ենք տարբեր երկրների տուր-օպերատորներին: Նաև՝ հրավիրում ենք լրագրողների՝ իրենց էջերում ինֆորմացիա տպագրելով»։ Հենց այս նպատակով առաջիկա ամիսներին սպասվում է ռուսական RBC, Lenta լրատվամիջոցների, հայտնի բլոգերների այց Հայաստան։