«ՀՀԿ-ի ներկայացուցիչները հրաժարվում են բանավեճերից» (տեսանյութ)
«Ելք» դաշինքից թիվ 3 ընտրատարածքում առաջադրված Արայիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ քարոզարշավի ընթացքում առկա խնդիրները հիմնականում լուսաբանվում են լրատվական հաղորդումներում, որտեղ փորձ է արվում պահպանել հավասարակշռությունը, մինչդեռ բանավեճերի համար եթերները փակ են: «ՀՀԿ-ի ներկայացուցիչները հրաժարվում են բանավեճերից, քանի որ նրանց ասելիքը բավական թույլ է: 25 տարվա ձախողումները, որ տեսանելի են՝ ամենեւին էլ ՀՀԿ-ի շահերից չեն բխում: Հանդիպումների ընթացքում եւս մեկ միտում ենք նկատել, թաղային հեղինակությունները, որ առաջադրված են Հանրապետական կուսակցության վարկանիշային ցուցակով, ջանում են չշեշտադրել, որ իրենք առաջադրված են ՀՀԿ-ի ցուցակով եւ ընտրողներին վստահեցնում են, որ վերջիններս բացառապես իրենց են ընտրելու»: Նա նշեց, որ ամենալավ սահմանադրության դեպքում էլ ՀՀԿ-ն ընտրությունները կանցկացնի խախտումներով: «Եթե չունեք կամք ռեյտինգայի ցուցակներով չառաջադրել ձեր «օդիոզ» դեմքերին, որոնք զբաղված են ճնշումներով, ցուցակներ կազմելով, որոնք շուտով կսկսեն կաշառքներ բաժանել, ի՞նչ սահմանադրության մասին կարող է խոսք լինել»: Հանրապետական կուսակցության վարկանիշային ցուցակով թիվ 7 ընտրատարածքում առաջադրված Արագած Ախոյանը հակադարձեց, որ ճիշտ չէ, թե ՀՀԿ-ն ասելիք չունի, «Միշտ էլ իշխող կուսակցությունը, առջեւից գնացող ուժը խոցելի է լինում»,-ընդգծեց նա: Ինչ վերաբերում է քարոզարշավի ընթացքին, ընդդիմության խոստումներին եւ ծրագրերին, Ա. Ախոյանն ասաց. «Կարելի է լավ երգիծական գիրք գրել նախընտրական քարոզարշավի մասին, էսքան խոստումներ, սեփական տեսակետը իրականության տեղ են առաջադրում»: ՀՀԿ ներկայացուցչի խոսքերով՝ այս ընտրությունները աննախադեպ բարդ են լինելու: «Որքան էլ փորձ է արվում ներկայանալ որպես մեկ թիմ, միեւնույն է, իրականում չի հաջողվում խուսափել կուսակցությունների ներսում առկա մրցակցությունից: Խիստ զգուշացված է երկրի բարձրագույն իշխանության կողմից, որ այս ընտրությունները պետք է տարբերվեն մյուս ընտրություններից»: Ա. Հարությունյանի հարցին, թե նախկինում զգուշացված չե՞ն եղել, Ա. Ախոյանն ասաց, որ նախկինում տեսել է, թե ինչպես են իշխանության թեւ կազմած կուսակցություններ, որ իրենց հռչակել ընդդիմություն. «Տեսել ենք ոնց են մի օր դառնում իշխանություն, ոնց են դառնում ընդդիմություն, լեյտենանտ Շմիդտի որդիների պես գալիս են՝ ասում են մենք էս կանենք, մենք էն կանենք»: