Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պաստառ պատռելը աշխարհի վերջը չէ». ՀՀԿ-ական (տեսանյութ)

Քաղաքականություն
mkrtich-minasyan

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը կարծում է, որ նախընտրական քարոզարշավն անցնում է օրենքի տառին և միջազգային նորմերին համապատասխան: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Վանաձորում «ԵԼՔ» դաշինքի պաստառների վնասման դեպքին, նա ասաց, թե մի քանի պաստառների պատռումը չի համարում մեծ իրադարձություն: «Նախ, անընդունելի եմ համարում, անշնորք բան է, բայց աշխարհի ոչ վերջն է, ոչ էլ Պոմպեյի վերջին օրն է: Արժե՞ այդ փոքրիկ բանը դարձնել աշխարհի վերջը»: Պատգամավորի խոսքով՝ քարոզարշավի ընթացքում Հանրապետական կուսակցությունը պոպուլիզմով չի զբաղվելու. «ՀՀԿ-ն որևէ պոպուլիստական արտահայտություն չի անելու, որովհետև գիտի, որ դա իր վրա է դրված, եթե ասեց, տակից դուրս գալու հնարավորություն չկա: Կա այնքան, ինչքան ասվում է»: Անդրադառնալով մամուլում պարբերաբար շրջանառվող կաշառքների խոստումներին, Մկրտիչ Մինասյանը նշեց. «Ինձ ինֆորմացիա է հասնում, որ բոլոր կողմերից են խոստումները: Շատ եմ ուզում, որ մեր ժողովուրդը չդառնա դրամների գերի: Բոլորը գիտակցեն, որ իր մի ձայնը կարևոր է երկրի կառավարման ընթացքն առավել արդյունավետ դարձնելու համար: Վստահ եմ՝ այդպես էլ կլինի, քանի որ մեր ժողովուրդն իմաստուն է»: