Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրական օրացույց. 25 օր առաջ. իմպիչմենտ՝ սափրագլուխներին եւ հաստավիզ հարուստներին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
vlAXVBVNsws

1995-ի քարոզարշավին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանում է թեկնածուների եւ կուսակցությունների քարոզչական նպատակներով կատարվող ծախսերը՝ դրանք չեն կարող գերազանցել Հայաստանի նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը: 1995թ. հունիսի 1-ից Հայաստանում նվազագույն աշխատավարձը 540 դրամ էր։ Այսինքն, քարոզչական նպատակներով առավելագույն ծախսվելիք գումարը 270 000 դրամ էր: 1995-ի ընտրություններից առաջ Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի աջակցությամբ ստեղծվում է «Շամիրամ» կուսակցությունը։ Նեղ շրջանակներում «Շամիրամ»-ի ստեղծումը նախարարը հիմնավորում էր այն հանգամանքով, որ ամոթաբեր կլինի անկախ Հայաստանի համար, եթե ընտրություններում 2-րդը լինի կոմկուսը։ 1999-ի քարոզարշավին մեծամասնական ընտրակարգով առաջադրվում է նաեւ Ներքին գործերի նախկին նախարար, քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող Վանո Սիրադեղյանը: Նրա քարոզչական տեսահոլովակներն ամենատարբերվողն են՝ դրվագներ իր գրական տեքստերից։ 1999-ի այս օրերին Ներքին գործերի եւ Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը դատարանում նստած է պատասխանողի աթոռին: Նրան դատարան էր բերել Նիկոլ Փաշինյանի խմբագրած «Օրագրի» մասին այն միտքը, որ այնտեղ տպագրվող բոլոր լուրերը հերյուրանքներ են: Հակընդդեմ հայցով Սերժ Սարգսյանը պահանջում է 3 ամսով կասեցնել «Օրագրի» տպագրությունը: 2003-ի քարոզարշավի այս օրը ոստիկանությունը քրեական գործ է հարուցում նախօրեին ընդդիմադիր թերթի լրագրող Մհեր Ղալեչյանի նկատմամբ կատարված հարձակման փաստով: Բռնության ենթարկողն անձամբ է ներկայանում քննչական բաժանմունք: Այս միջադեպում շոշափվում էր նաեւ Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Կարլոս Պետրոսյանի անունը: Տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնում է, թե ինչ հավակնություններ ունեն Հանրապետականը խորհրդարանի ընտրություններում: «Ընտրական կամպանիան խելամտորեն եւ կազմակերպված տանելու դեպքում թերեւս 30 տոկոս համամասնականի ակնկալիք ունենք, մեծամասնականի 20 թեկնածուներից էլ` 100 տոկոսի, որովհետեւ ճի՛շտ թեկնածուներ ենք առաջադրել եւ ճիշտ քարտեզով»: 2007-ի այս օրերի քարոզարշավում ամենաաչքի ընկնողներից է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմպիչմենտ» դաշինքը: Այս օրը դաշինքը Վանաձորում է՝ հիմնական կարգախոսն է՝ իմպիչմենտ սափրագլուխներին եւ հաստավիզ հարուստներին։ 2007-ի ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Նա ներկայանում է կուսակցությամբ «Դաշինք» հավակնոտ անունով: Բաբայանն ասում է՝ ես եկել եմ նորմալ մրցակցային մթնոլորտում բանավիճելու։ 2012-ի քարոզարշավի, ինչպես նախորդ տարիների քարոզարշավներին, տապալվում են խորհրդարանի բոլոր նիստերը: Նիստերից մեկը տեւում է ընդամենը 1 րոպե՝ ներկայացել էր երեք պատգամավոր։ 2012-ին Օրինաց երկիր կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը քարոզարշավներից մեկի ժամանակ դիմում է ոչ քաղաքական հնարքի։ Հայաստանի քաղաքագետների միությունում ստեղծվում է ընդդիմության միասնական շտաբը, որին անդամակցում են՝ ՀԱԿ-ը, «Բարգավաճ Հայաստանը», «Ժառանգությունը» եւ Դաշնակցությունը: Սա ընտրություններում նման առաջին դեպքն է, սակայն հենց սկզբից «Ժառանգության» ներկայացուցիչ Ռուբիկ Հակոբյանը պահանջում է, որ շտաբի ընդունելիք փաստաթղթի տակ լինի  քաղաքական ուժերի լիդերների ստորագրությունը