Խաչատրյանների` Լոս Անջելեսում առանձնատուն ձեռք բերելու փաստով քրեական գործ չի հարուցվել. «Հետքին» մերժում են
hetq.am Նախկին ֆինանսների նախարար, ՊԵԿ-ի նախկին պետ Գագիկ Խաչատրյանի որդիների՝ ԱՄՆ-ում շքեղ առանձնատուն գնելու փաստի առթիվ Ազգային անվտանգության ծառայությունը որոշել է քրեական գործ չհարուցել: Այսօր՝ փետրվարի 15-ին, «Հետքի» հարցմանն ի պատասխան Ազգային անվտագության ծառայությունից տեղեկացրել են, որ այդ պատճառով իրավական փոխօգնության միջնորդությամբ ԱՄՆ-ին չեն դիմել: «Հետքին» նույնաբովանդակ պատասխան է տվել նաև Գլխավոր դատախազությունը։ ««Փնտրվում է գնորդ կամ Գագիկ Խաչատրյանի որդիների շքեղ առանձնատունը Լոս Անջելեսում» վերտառությամբ «Hetq.am» համացանցային կայքի 2016 թվականի հունիսի 30-ի հրապարակումը ՀՀ գլխավոր դատախազի 01.07.2016թ. գրությամբ ուղարկվել է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն՝ սահմանված կարգով ընթացք տալու նպատակով: Քննարկման արդյունքում ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում 16.07.2016թ. որոշում է կայացվել հանցագործության դեպքի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին»,- նշված է Գլխավոր դատախազությունից ստացված գրության մեջ: Հիշեցնենք, որ «Հետքը» անցած տարվա հունիսի վերջին հրապարակել էր այն ժամանակ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների կողմից ԱՄՆ-ում անշարժ գույքի տասնյակ միլիոն դոլարի հասնող մի գործարքի մասին հոդված: Ավելի ուշ «Սիվիլնեթն» իր հրապարակման մեջ տեղեկացրել էր, որ Գլխավոր դատախազությունը գործն ուղարկել է ԱԱԾ: «Հետքը» խնդրել էր Գլխավոր դատախազությանը և ԱԱԾ-ին տրամադրել որոշման պատճենը, սակայն մերժել են նույն պատճառաբանությամբ. «Զանգվածային լրատվության միջոցներին՝ դրանցում հրապարակված տեղեկությունների ստուգման արդյունքում կայացված դատավարական որոշումների պատճենների տրամադրման ընթացակարգ ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված չէ»: «Հետքը» երկու իրավաբաններից հետաքրքրվեց, թե որքանով իրավաչափ է ՀՔԾ-ի (Միհրան Պողոսյանի գործով), ԱԱԾ-ի և Գլխավոր դատախազության դիրքորոշումը` բարձրաստիճան պետական պաշտոնյային առնչվող գործերով քննության վերաբերյալ որոշումները չտրամադրելը: Իրավաբան Արա Ղազարյանը նշում է, որ իրավական շրջանակներում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված (հոդվածներ 262, 290) «այլ անձանց» տեղեկության տրամադրումը վիճելի տեսական խնդիր է, և պետք է քննարկել, թե արդյոք լրատվամիջոցը, որի հաղորդման հիման վրա գործը սկսել է քննվել, հանդիասանում է շահագրգիռ անձ և կարող է պահանջել և ստանալ այդ տեղեկությունը: Իրավաբանի կարծիքով` այս հարցը պետք է քննարկվի Սահմանադրական դատարանի կողմից, քանի որ վերոհիշյալ դրույթների նկատմամբ մոտեցումը միատեսակ չէ: Հիշեցնենք, որ Կապիկների գործով ՊԵԿ-ը «Հետքին» տրամադրել էր որոշումը: «Դատավարության մասնակիցն ինքնին շահագրգիռ անձ է, -բացատրում է Ղազարյանը, - բայց օրենսդիրը սա չի նույնականացնում շահագրգիռ անձանց հետ, սա առանձին է նշվում, եթե նույնականացվեր, ապա ուղղակի կնշվեր՝ դատավարության մասնակից: Մենք ունենք շահագրգիռ անձը օրենսդրությամբ հստակեցնելու խնդիր»: Հարցը ՄԻԵԴ-ի վճիռների լույսի ներքո դիտարկելով` Ղազարյանը նշում է. «Թեև տեղեկատվության մատչելիությունը որպես ինքնուրույն իրավունք Կոնվենցիան չի ճանաչում, սակայն եթե լրատվամիջոցն է պահանջում տեղեկատվությունը և եթե դա այնպիսի տեղեկատվություն է, որը «այլոք կցանկանային, որ պետական մարմինը տրամադրեր» (այսինքն` հանրային նշանակության տեղեկություն), այդ դեպքում դատարանը ճանաչում է տեղեկատվության մատչելիության իրավունքը՝ տեղեկատվություն ստանալու իրավունքի շրջանակում (Társaság A Szabadságjogokért-ն ընդդեմ Հունգարիայի, 14 ապրիլի, 2009թ.)։ Նյութի շարունակությունը կարդալ hetq.am-ում