«Սատանայի անիվը փչացած է, բայց տոմսերն արդեն առել ենք» (տեսանյութ)
«Առաջիկա խորհրդարանական ընտրություններում պետք է բացառել խաթրով ընտրելու սկզբունքը»,-կարծում է պատգամավոր Լյովա Խաչատրյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, թե այս ընտրությունները լինելու են հավատի պայքար. «Համաձայն եմ, որ չկա գաղափարի պայքար, բայց կարծես թե լինելու է հավատի պայքար, թե ով և ինչ թիմով է փոխելու ներկան, որ ունենանք տնտեսության աճ, արտագաղթի կրճատում և այլն»,-նշեց նա՝ հավելելով, թե մտահոգություն ունի, որ այս անգամ էլ թաղի խուժանը գլուխ կբարձրացնի՝ հետևում ունենալով իրավապահ մարմինների աջակցությունը: Ասուլիսին ներկա էր նաև Եղիշե Պետրոսյանը, որը կուսակցությունների մոտ չի տեսնում քաղաքական պայքար, այլ ռեսուրսների. «Ազգովի գիտենք, որ սատանայի անիվ կոչված սարքը փչացած է, բայց տոմսերն առել ենք, հերթ ենք կանգնել, պիտի նստենք, որ հերթական անգամ ընկնենք: Միայն ռեսուրսների, մի քիչ էլ ամբիցիաների պայքար եմ տեսնում, չեմ տեսնում պայքար հանուն Հայրենիքի, հանուն մեր ապագայի: Գտնում եմ, որ սա մարտահրավեր է բոլոր այն մարդկանց, որոնք ուզում են իրենց տեղը ապահովագրել վաղվա օրվա մեջ՝ պահպանելու համար բիզնեսներ և այլն: Եթե նրանք այսօր էդ տորթից իրենց կտորը չտանեն, կկորցնեն ամեն ինչ: Բոլորը փորձում են պահպանել այն, ինչը մինչ օրս համակարգը թույլ է տվել նրանց ձեռք բերել»,-եզրափակեց Պետրոսյանը: