Ֆինանսների նախարարությունը պատրաստվում է բարեփոխումների (տեսանյութ)
Ֆինանսների նախարարությունը հաջորդ շաբաթ կներկայացնի հայեցակարգային փաթեթ, որտեղ կառաջարկվի հաշվապահական հաշվառման եւ արտաքին աուդիտի կարգավորումը հանձնել ոչ պետական հասարակական կառույցին. «Միջազգային փորձը ցույց է տվել, որ մասնագիտությունը եւ նրա կարգավորումը հաջողություն է ունենում եւ զարգանում է այն երկրներում, որտեղ ոլորտի կարգավորումները իրականացվում են անկախ ոչ պետական , հասարակական մարմինների կողմից»,- նշում է ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը ու հավելում, որ տարիներ շարունակ ոլորտները եղել են նախարարության լիազորության տակ, սակայն բարեփոխման անհրաժեշտությունը մասնագետները վաղուց են զգացել: Փոխնախարարի խոսքով՝ հաշվապահական հաշվառման եւ արտաքին աուդիտի մասին օրենքներում կլինեն արմատական փոփոխություններ եւ կստեղծվի եւս մեկ, նոր օրենք. «Օրենքով կսահմանվի Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների պալատի գործառույթը՝ որպես ոլորտների նկատմամբ կարգավորող մարմին, եւ հանրային վերահսկողության խորհուրդի գործառույթները: Հաշվապահների եւ աուդիտորների պալատը կլինի կարգավորող մարմին, ոչ պետական, ոչ առեւտրային: Այս պահին նրանք գործում են որպես ասոցիացիա, բայց նրանց ներկայացրել ենք գաղափարը, նրանք համաձայնվել են վերածվել պալատի եւ կատարել այս գործառույթը: Պալատը գործելու է հասարակական հիմքով: Կազմը լինելու է 7 անդամից՝ 4-ը ֆինանսների նախարարությունից, 2-ը ԿԲ-ից եւ 1-ը՝ ՀԿ սեկտորի ներկայացուցիչ»,- նշեց փոխնախարարը: Ֆինանսների նախարարությանը ներկայացվելիք հայեցակարգային փաթեթում կլինեն նաեւ մի շարք այլ բարեփոխումներ՝ կապված Ֆինանսների նախարարության գործունեության հետ: Մանրամասները՝ տեսանյութում