«Լարսի անցակետում գործարարին սարքում են բոմժ» (տեսանյութ)
Գործարարների համար Հայաստանն ամենաանհարմար երկրներից է ապրանքներ տեղափոխելու համար։ Գնահատականը Համաշխարհային բանկինն է։ «Առևտրի լոգիստիկան գլոբալ տնտեսությունում 2016 թվականին» զեկույցում 160 երկրների շարքում Հայաստանը 141-րդ տեղում է։ «Մենք դարձել ենք մի կղզի, որն ապրում է իր կյանքով, իր ժամանակի մեջ և բացարձակապես շահագրգռվածություն չունի լոգիստիկ և այլ առումով մրցակցել Ադրբեջանի և Վրաստանի հետ»,- վիճակն այսպես է ներկայացնում քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը։ Ձմռանը կիսալիարժեք է դառնում Ռուսաստան տանող ճանապարհը, կապը վատ է դառնում նաև Իրանի հետ։ Բայց սա վիճակը չի արդարացնում։ Գործարարները Հայաստանի սահմանը հատելիս բախվում են կոռուպցիայի, դառնում են անօրինականությունների զոհ։ «Ամեն մի ապրանք առաքող հասնում է Լարսի անցակետ և իրեն այնտեղ ստորացնում են, սարքում են մի բոմժ։ Եթե մենք հավասարը հավասարին ԵՏՄ անդամ երկրներ ենք, մենք ինչո՞ւ պետք է գանք և մաքսային սահմանի զգացում ունենանք այնտեղ։ Եվ ոչ թե ինչ-որ մի «Վարսավիր» հավաքի մի քանի հոգու և փողերը վերցնելուց հետո նոր բաց թողնի։ Ուր է մեր երկրի ղեկավարությունը»,- ասում է Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը։ Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը նշում է. «Եթե մենք կարողանայինք այնպես կազմակերպել, որ Հայաստան ներկրվող և Հայաստանից արտահանող գործարարները խնդիրներ չունենային, այս ինդեքսում լավ տեղ կունենայինք»։ Խնդիրները կրկնապատկվեցին Հայաստանի ԵՏՄ անդամակցումից հետո։ Իշխանությունները խոստանում էին կանաչ միջանցք բացել ռուս-վրացական սահմանին, որի շնորհիվ հայ գործարարներն առանց հերթի ապրանք կառաքեին ԵՏՄ տարածք։ «Այսօր այդ միջանցքը չկա, դա ընդամենը մեր կառավարության հերթական միֆերից է»,- ասում է պարոն Մխչյանը։ Իշխանությունները Հայաստանի լոգիստիկ հնարավորությունների խնդրին լուրջ չեն վերաբերվում։ Հակառակ պարագայում, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի պնդմամբ, Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին կկառուցվեր ոչ թե Արարատյան դաշտից, այլ Հայաստանի ծայրամասերից։ «Եթե մենք հարավում կարողանայինք այդ ամենադժվարանցանելի ճանապարհն անցնել հինգ-վեց տարիների ընթացքում, մեր լոգիստիկ հնարավորությունները մեծ կլինեին և ապրանքաշրջանառությունը մեծ կլիներ»,- ասում է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։ Հայաստանը կսկսեր շնչել, եթե ի կատար ածվեր 2008-ին Սերժ Սարգսյանի խոստումը։ Հայ-Իրանական երկաթգծի կառուցման գործն այդպես էլ խոսքերից այն կողմ չանցավ։ Վերջերս էլ վերացվեց Հայաստան-Իրան երկաթգծի գործադիր տնօրինությունը։ Եվ չնայած բազմաթիվ խոստումներին, երկաթուղու կառուցող այդպես էլ չի հայտնվում։