Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանկապարտեզ, որտեղ բոլորը հավասար են (տեսանյութ)

Հասարակություն
bolorov

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 4-ամյա  Վահեն մոտ մեկ տարի է հաճախում է Երեւանի  թիվ  92 ներառական մանկապարտեզ: Թերապեւտի հետ աշխատանքը տվել է իր արդյունքը։ Վահեն արդեն գրեթե ինքնուրույն քայլում է:   vahe Կրթության  առանձնահուկ պայմանների կարիք  ունեցող 24 երեխա է հաճախում Երեւանի թիվ 92 մանկապարտեզ։  Ներառական կրթություն ապահովելու նպատակով 2016թ ապրիլին «Արաբկիր» բժշկական կենտրոնի, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, «Քրոնիմեդ» ընկերության ու Երևանի քաղաքապետարանի համատեղ  ջանքերով մանկապարտեզում մասնաճյուղ է  բացվել։  Սաների հետ  աշխատում են հատուկ  մանկավարժներ ու նեղ մասնագետներ: Երբ երեխան կարողանում է  ինչ որ չափով ինքնուրույն  շփվել իր տարեկիցների հետ, նրան ընդգրկում են մյուս խմբերում: Մասնաշենքը հարմարեցված է տարբեր խնդիրներ ունեցող երեխաներին: Այն ունի վերականգնողական սարքավորումներ, ֆիզիկական դաստիարակության և ֆիզիոթերապիայի դահլիճ: david 3- ամյա Դավիթը մանկապարտեզի  նոր մասնաճյուղի բացվելու իսկ օրից հաճախում է այստեղ:   Սկսել է որոշ բառեր արտասանել, գույներն է տարբերում, արձագանքում է իր անվանը: «Մանկապարտեզ գալուց 5 օր հետո տղայիս մոտ նկատեցի փոփոխությունը, նա դարձավ ավելի կազմակերպված, ավելի լսող, բառերի պաշարը մեծացավ, ընդունակությունները զարգացան»,- ասում է Դավիթի մայրը՝ Մարինե  Փիլոյանը: Դավիթի ու նրա նման երեխաների կյանքում մեծ ազդեցություն է ունենում նաեւ ընտանիքի համալրումը: Փոքրիկ քույրիկի  ծնունդը  նպաստել է Դավիթի զարգացմանը։ Մանկապարտեզի  տարիքային երեք խմբերում սաների թիվը  ավելի շատ կլիներ, եթե հնարավորությունները թույլ տային։ Իրենց հերթին սպասող երեխաների թիվը մեծ է, մանավանդ որ երեխաների  հետ պարապում են անվճար։ «Ցավոք, տեղերը սահմանափակ են, մենք ունենք երեխաներ, որ ունեն այդ կարիքը, բայց մնում են ցուցակում, այս պահին 132 երեխա ունենք  հերթագրված»,- ասում է  թիվ 92 մանկապարտեզի տնօրեն Կարինե Հարությունյանը: 5-ամյա Դանիելին բախտ է վիճակվել դառնալ մանկապարտեզի սան, սակայն նա ամեն օր երկու երթուղային տաքսի  է փոխում՝ Դավիթաշենից Հարավ-արեւմտյան թաղամաս հասնելու համար:   dani «Դժվար է,  խնդիր ունի երեխան, խիտ տրանսպորտի մեջ չենք կարողնաում նստել, ինքը միշտ պատուհանի մոտ է ուզում նստել»,- պատմում է Դանիելի մայրը՝ Վերոնիկա Աբրահամյանը: Դժվարությունները սակայն խոչընդոտ չեն, հատկապես երբ պարապմունքներից հետո փոքրիկի մոտ առաջընթաց է նկատվել։  Այս ընտանիքում մեկ այլ խնդիր է երեխայի կրթության հետագա գործընթացը: Մանկապարտեզն ավարտելուց հետո Դանիելն ամենայն հավանականությամբ կմնա տանը, չնայած  օրենքով հանրակրթական  դպրոցում սովորելու հնարավորություն պետք է  ունենային  կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող բոլոր երեխաները։ 2000թ.-ից ի վեր ներառական կրթությունը,  որպես կրթական բարեփոխումների մի մաս, հանդիսանում է ՀՀ կառավարության առաջնահերթ խնդիրներից մեկը: Բայց 17 տարվա ընթացքում անգամ շատ հարցեր լուծված չեն։ karine-harutyunyan «Նույնիսկ Ամանորի արձակուրդը կամ հիվանդացության պատճառով  բացակայությունը ազդում է երեխաների արդեն իսկ ձեռք բերած հմտությունների վրա, որովհետեւ, ես կարծում եմ, որ դա պետք է շարունակական համակարգված ու տեւական լինի: Եթե մշտական չլինի, նա  հաստատ կորցնելու է այն ամենը ինչ ձեռք է բերել»,- ասում է մանկապարտեզի տնօրեն Կարինե Հարությունյանը։ 5-ամյա Ռաֆայելի վարքը փոխվել է մանկապարտեզում։ Ավելի շփվող ու ընկերասեր է դարձել: Լոգոպետի հետ աշխատանքի արդյունքն է։ «Ռաֆայելը սկզբում հոգեբանական զարգացման խնդիրներ ուներ, կապակցված խոսք չուներ, նախադասություն կազմելիս քերականական սխալներ էր թույլ տալիս: Աշխատանքի արդյունքում շատ բան է փոխվել»,- ասում է լոգոպեդ Անահիտ Մայիլյանը:   logopet-rafayel Հարեւան սենյակում  հոգեբանն աշխատում է Արմենի հետ: Նա դեռ բառերն ամբողջությամբ արտասանել չի կարողանում, բայց առաջին վանկերը կրկնում է՝ հասկանալով բառի իմաստը Մասնագետները երեխաների հետ անհատական  պարապում են շաբաթական երկու անգամ:  Սա իհարկե, արդյունք տալիս է, բայց բավարար չէ: Մանկապարտեզում մասնագետների պակաս կա: Նախադպրոցական ներառական ուսուցում իրականացնող ընդամենը ութ մանկապարտեզ կա Երևանում, այն էլ` ոչ բոլոր վարչական շրջաններում:   Մինչդեռ  ներառական կրթության սկզբունքներից մեկն  այն  է, որ երեխան  հաճախի տեղական` բնակավայրին մոտ գտնվող, սովորական  մանկապարտեզ և դպրոց։  Անկախ կարիքից՝ բոլորը պետք է սովորեն միասին։ Թիվ 92 մանկապարտեզն իր տեսակի  մեջ այսօր հանրապետությունում  միակն է։   Այն շատուշատ փոքրիկների ու նրանց ծնողների համար մնում է  նախադպրոցական կրթություն ստանալու միակ մատչելի  հնարավորությունը։ Երբ սովորական  մանկապարտեզները չունեն հարմարեցված միջավայր, ծնողը ստիպված է իր երեխային տանել զարգացման հատուկ կենտրոններ, որտեղ, ի տարբերություն այս մանկապարտեզի,  ուսուցումը վճարովի է ։