Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԶՈՒ-ն հասարակության հայելին չէ. Վիգեն Սարգսյան

Կարևոր լուրեր Քաղաքականություն
vigen1

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով իր աշխատանքի 118 օրը, խոսեց ազգ-բանակ կոնցեպտից՝ նշելով, որ հասարակության մեջ ամեն ինչ անելու են, որ ձեւավորվի հարգանք զինվորական, սպայական ծառայության նկատմամբ, այդ մասնագիտությանը վերադարձվի իր գրավչությունը: Այս տարի զինծառայողների աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ. «Սսկսնակ սպան մրցունակ, միջին աշխատավարձից բարձր աշխատավարձ է ստանում: Այն գերազանցում է նաեւ կարմիր դիպլոմով ավարտած ամենահեղինակավոր ֆակուլտետներն ավարտած, ասենք՝ իրավաբանի կամ միջազգային հարաբերությունների շրջանավարտի առաջին աշխատավարձից: Սակայն այս պարագայում պետք է հաշվի առնենք սպայի աշխատանքային պայմաններն ու ծանրաբեռնվածությունը»: Տավուշի մարզում զինվորի ինքնասպանությանն անդրադառնալով եւ մասնավորապես նրան, որ տղան տան միակ երեխան էր՝ Վիգեն Սարգսյանը նշեց, որ ցանկացած  դժբախտ պատահարի ժամանակ իրենց համար չափազանց մտահոգիչ ու ծանր  ընդունվող լուր է դա՝ ընտանիքը բանակին վստահել է իր երեխային, ու բանակը պետք է պատասխանատու լինի զինվորի պայմանների, հոգեկան վիճակի համար. «Փորձում ենք մինչեւ վերջ հասկանալ դրդապատճառները: Ուզում եմ ասել, որ զորակոչի ոչ մի պայմանի խախտում չի ֆիքսվել: Մենք հատ-հատ հետեւելու ենք այդ գործերին: Ցավոք, ինքնասպանությունը ոչ մի սահման չունի, եթե հնարավոր լիներ բացառել այն, հիանալի կլիներ, սակայն, ցավոք, այդ խնդիրը գոյություն ունի ինչպես զինված ուժերում, այնպես էլ դրանից դուրս: Մարդիկ մղվում են այդ ճանապարհին՝ որպես խնդիրների լուծում: Դա մեզ համար հսկայական ցավ է, սակայն ուսումնասիրելով տարիների վիճակագրությունը՝  տեսնում ենք, որ նույն տարիքային խմբերում ԶՈՒ-ում գրեթե չորս անգամ պակաս է, քան զինված ուժերից դուրս: Դա չի նշանակում, որ մենք պետք է հանգիստ լինենք: Հոգեբանի հետ աշխատանքները բանակում որոշակի արդյունքներ տալիս են: Ես հեռու եմ նրանից, որ ԶՈՒ-ն հասարակության հայելին է, քանի որ մենք ունենք բազմաթիվ գործիքներ, որոնք օգնում են մեզ լինել ոչ թե հայելի, այլ հասարակության կերտման դարբնոց»: Ինչ վերաբերում է «Հազար դրամների» աղմկահարույց օրենքին, ըստ որի պետք է հունվարից սկսվեն զոհված կամ վիրավորում ստացած զինծառայողների ընտանիքների փոխհատուցումները, նախարարն ասաց, որ հիմնադրամի խորհուրդը դեռ պետք է ձեւավորվի, օրենսդրական ակտերը ձեւավորվեն, հետո միայն սկսեն փոխհատուցումների տրամադրումը. «Դրանք առաջիկա օրերին կավարտվեն: Հունվարից սկսած բոլոր դեպքերը փոհատուցվելու են: Հունվարի մեկից օրեր առաջ մենք դեպք ունեցանք Տավուշի մարզում: Մենք գտնելու ենք ձեւ՝ այդ ընտանիքի փոխհատուցման: Թեեւ նախատեսված չեն այդ վճարումները, մենք կսկսենք այդ փոխհատուցման տարբերակները գտնել լրացուցիչ հովանավորների հաշվին»: