Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բանակում չլուծվող խնդիրները կյանքեր են արժենում (տեսանյութ)

Քաղաքականություն
media-1

Բանակում մարդու իրավունքների վիճակն անցած տարի չի բարելավվել։ Կոռուպցիոն դեպքերի, խոշոր չարաշահումների մասին բացահայտումները որոշակի մակարդակից չբարձրացան։ «Մենք չենք կարող այդ խնդիրների չլուծվածությունը փոխհատուցել մարդկանց կյանքի գնով»,- արձանագրում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ Զինծառայողների իրավունքները խախտվում են՝ սկսած զորակոչից։ Շատ են դեպքերը, երբ բանակ են գնում մի քանի հիվանդություններ ունեցող երիտասարդներ։ Արթուր Սաքունցը պնդում է. «Մտահոգություններն առողջական լուրջ խնդիրներով երիտասարդների զորակոչի հետ կապված, զորակոչի հիմնավորվածության հետ կապված մնում են»։ 2016-ի ամենամեծ մարտահրավերն ապրիլյան պատերազմն էր։ Շատ ծնողների այդպես էլ չասվեց՝ ինչ պայմաններում և ինչի հետևանքով են զոհվել իրենց զավակները։ «Գաղտնիության շղարշը մարտական գործողությունների ընթացքում մահացածների մահվան հանգամանքների ուղղությամբ չի կարող որևէ արդարացում ունենալ»,- ասում է պարոն Սաքունցը։ Հուսադրող չէ նաեւ Պաշտպանության նորանշանակ նախարարի դիրքորոշումն այս հարցի շուրջ։ Հանրությունը պատասխանների է սպասում։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ասում է. «Պաշտպանության նորանշանակ նախարարն առաջին հերթին պետք է խոսեր հանրության հետ՝ կյանքի իրավունքի դեպքերի մասին, նա պետք է բացատրություններ տար, ասեր, որ քայլեր են ձեռնարկում»։ Խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի քննությունը Պաշտպանության նախարարության տիրույթում չէ, այլ Հատուկ քննչական կոմիտեի։ Բայց դա չի նշանակում, որ նա պատասխանատու չէ քրեական գործերի արդարացի ընթացքի համար։ «Պետք է լինի մի մարմին Պաշտպանության նախարարությունում, որը վերահսկում է քննության ընթացքը»,- առաջարկում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցի գնահատմամբ՝ զինծառայողների իրավունքներն ավելի շատ են խախտվում, քան իրականում բարձրաձայնում են։ «Որովհետև մարդիկ վախենում են բողոքել, վստահություն չունեն, որ չեն ենթարկվի հետապնդման»։ Իրավիճակը բանակում կարող է էականորեն բարելավվել ռազմական օմբուդսմենի ինստիտուտի ներդրման պարագայում։ Բայց իրավապաշտպանների առաջարկը մնում է օդից կախված։  «Տեսնում ենք, թե գործող օմբուդսմենի ինստիտուտը ինչքանով է կարողանում հետամուտ լինում մարդու իրավունքների խախտմանը, և հատկապես զինված ուժերում»,- այդ մարմնի գոյությունն այսպես է հիմնավորում պարոն Սաքունցը։ Բանակում խնդիրներ ունեցող զինծառայողները կարող են լուծման հասնել նաև զորամասի պատերից դուրս։ Գործում է թեժ գիծ՝ 1-28 համարով։  Հունվարի 10-ին՝ ծառայության գործարկման առաջին օրը 360 զանգ է եղել։ ՊՆ Մարդու իրավունքների և  բարեվարքության կենտրոնի պետ Ալիկ Ավետիսյանն ասում է՝ թեժ գիծն արդյունավետ միջոց է խախտումներն ի հայտ բերելու համար. «Մենք բազմաթիվ դեպքեր ունենք, երբ սպաները որոշակի վստահության մակարդակ ունեն և իրենք գտնում են, որ կարիք կա իրենց գործերով զբաղվեն վերադասները։ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետն անձամբ սպաների ընդունելություն է կատարում, եթե առանձնահատուկ դեպքեր են լինում՝ նախարարի հետ են հանդիպում»։ Նախկին ընտրություններում արձանագրվել են զինծառայողների ընտրելու իրավունքի վրա ազդելու  բազմաթիվ դեպքեր, երբ  ստիպել են քվեարկել այս կամ այն ուժի օգտին։ Իրավապաշտպաններն զգուշացնում են՝ կա մեծ վտանգ, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում էլ գործի կդրվի այդ ավանդույթը։