Աշխատանքից ազատված վարչության պետը՝ տնօրեն և խորհրդական
ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը երկու օր առաջ դիմում է ներկայացրել նախարար Լեւոն Մկրտչյանին՝ պաշտոնից ազատման վերաբերյալ: «Ա1+»-ի հետ զրույցում նա նշեց, որ երկարատեւ՝ 13 տարվա աշխատանքային փորձ ունի այս պաշտոնում, ու ոչ մի վարչության պետ դեռ այսքան երկար չէր աշխատել. «Նորից դպրոց վերադառնալու խնդիրը իմ մեջ արդեն 2-3 տարի է՝ կար, որ դպրոցով ավարտեմ իմ վերջին աշխատանքային տարիները»: Տիկին Հովհաննիսյանը նշանակվել է թիվ 6 հանրապետական կրթահամալիրի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչեւ մրցույթի անցկացումը: «Տեղ բացվեց այս դպրոցում, ինձ դա շատ հետաքրքրեց՝ այստեղ դժվար դաստիարակվող երեխաների կրթահամալիրն է, որտեղ շատ հետաքրքիր անելիքներ կան: Կրթահամալիրի տնօրենը թոշակի գնաց, ու ես հասկացա, որ կկարողանամ ինչ-որ բան անել: Նաեւ այս տարիների ընթացքում շատ զբաղվեցի համընդհանուր ներառման հարցերուվ ու ինչ-որ չափով հասանք արդյունքի: Այնպես, որ դա կլինի իմ աշխատանքի շարունակությունը: Ես սիրում եմ դպրոցը, երեխաներին, ու երբ տեղն ազատվեց, ներկայացրի առաջարկություն նախարարին, եւ նա ընդառաջեց ինձ»: Նախարար Մկրտչյանը Նարինե Հովհաննիսյանին նշանակել է նաեւ որպես իր խորհրդական՝ համընդհանուր ներառման հարցերով. «Ես, իհարկե, արտահաստիքային խորհրդական կլինեմ՝ ոչ վճարովի հիմունքներով, քանի որ կրթահամալիրում որպես տնօրեն՝ ես արդեն կվճարվեմ»: Տիկին Հովհաննիսյանը վստահեցրեց, որ նախարար Լեւոն Մկրտչյանի հետ որեւէ խնդիր չի եղել՝ նրա հետ նախկինում էլի աշխատել է. «Նորից նախարար նշանակվելով՝ պարոն Մկրտչյանը շատ սիրով է ինձ ընդունել, որոշումն իմն է եղել՝ այս պաշտոնում արդեն ժամանակն է, որ ավելի երիտասարդ կադրեր աշխատեն»: Ուսումնական հաստատության տնօրենի՝ թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ պայման է հավաստագրի առկայությունը: Տիկին Հովհաննիսյանը նշեց, որ օրենքով սահմանված կարգով եռամսյա ժամկետում հայտարարվի կրթահամալիրի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ, այդ ընթացքում ինքը կկարողանա հավաստագիր ստանալ. «Կարծում եմ՝ իմ նկատմամբ զիջումներ կարելի է անել, սակայն միեւնույնն է՝ ես կտեղավորվեմ ժամկետի մեջ, քննությունները կհանձնեմ ու հավաստագիրը ձեռք կբերեմ»: Այս պահին նախարարության հանրակրթության վարչության պետի պարտականությունները կատարում է պետի տեղակալ Նոնա Սահակյանը՝ մինչեւ թափուր պաշտոնի համար նոր մրցույթի անցկացումը: Արդյոք կա՞ն նաեւ ծրագրեր՝ զբաղվելու քաղաքականությամբ, ընդգրկվելու որեւէ քաղաքական ուժի ընտրացուցակում, Նարինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Ոչ, միանշանակ դպրոց եմ ուզում գնալ: Ինձ սիրելի է դպրոցը՝ 17 տարեկանից ես աշխատել եմ դպրոցում»: