A
A
«Հաց բերող» Արթուր Սարգսյանին ազատել են կալանքից
«Հաց բերող» Արթուր Սարգսյանին ազատել են կալանքից։ Այդ մասին Facebook-ում հայտնում է նրա փաստաբան Տիգրան Եգորյանը։ «Նախատոնական լավ լուր․ քիչ առաջ կալանքից ազատ արձակվեց Արթուր Սարգսյանը, ով ժողովրդի մեջ հայտնի է որպես «Հաց բերող»»,- գրել է նա։
Հուլիսի 26-ին Արթուր Սարգսյանն անձնական մեքենան բեռնել էր սննդամթերքով, ճեղքել ոստիկանական պատնեշն ու կյանքը վտանգելով հաց է հասցրել ՊՊԾ գնդում գտնվող զինված խմբին։ Հիշեցնենք, որ 2016 թ․ օգոստոսի 2-ին ձերբակալված Արթուր Սարգսյանի ներկայացուցիչները դեկտեմբերի 17-ին դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ՄԻԵԴ կանոնագրքի 39-րդ կանոնի համաձայն անհապաղ միջոցներ կիրառելու խնդրանքով, մասնավորապես՝ ՀՀ կառավարությունից պահանջելով ապահովել դիմողի բուժումը, անհրաժեշտության դեպքում՝ քաղաքացիական հիվանդանոցում, և գործուն միջոցներ ձեռնարկել Արթուր Սարգսյանի նկատմամբ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված անմարդկային վերաբերմունքից նրան զերծ պահելու համար։ Մինչև կալանավորվելն Արթուր Սարգսյանն ուներ «Բեխտերևի» հիվանդություն, որովայնային գծային ճողվածք՝ բավականին մեծ չափերի՝ մոտ 15 սանտիմետր, տարել է ողնաշարի վիրահատություն՝ C1 և C2 մասնահատումով և պրոտեզավորմամբ: Նա երկրորդ կարգի զինվորական հաշմանդամ է։