Սեֆիլյանի գործով կալանավորվածը 11 օր է հացադուլի մեջ է
Արդեն 11-րդ օրն է՝ հացադուլ է սկսել «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավորված Ներսես Պողոսյանը: Ինչպես «Ա1+»-ին հայտնեց նրա կինը՝ Լիա Պողոսյանը, Ներսես Պողոսյանը պահանջում է փոխել իր խափանման միջոցը, այսինքն՝ կալանքը փոխվի գրավով կամ քաղաքից չբացակայելու մասին ստորագրությամբ: Կնոջ խոսքերով՝ իրենց գործով նախաքննությունն ավարտվել է, սակայն մինչեւ փետրվար ամիսը ժամանակ է տրվել գործի նյութերին ծանոթանալու համար: «Չարած բանի համար նա արդեն 6 ամիս է կալանքի տակ է: Այս կերպ իր բողոքն է արտահայտում: Նա շատ է ցանկանում, որ գործն արագ մտնի դատարան եւ ապացուցվի իր անմեղությունը»,- «Ա1+»-ին ասաց Լիա Պողոսյանը: Կինն ահազանգում է՝ Ներսես Պողոսյանն առողջական լուրջ խնդիրներ ունի եւ հացադուլը կարող է վատ անդրադառնալ նրա առողջության վրա: