«Որտե՞ղ է աճեցվել Հայաստանից արտահանված լոլիկը» (տեսանյութ)
Եթե որեւէ պաշտոնյա խոսում է գյուղմթերքի 120-140 հազար տոննա արտահանման մասին, ապա պետք է մատնանշի, թե հատկապես ինչ մթերք է արտահանվել եւ որտեղ է աճեցվել այդ մթերքը: «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանի խոսքերով, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մինչեւ հունիս ամիսը Հայաստանից 40 հազար տոննա լոլիկ է արտահանվել, մինչդեռ բաց գրունտի լոլիկի բերքը հասունանում է ոչ թե հունիսին, այլ օգոստոս- սեպտեմբեր ամիսներին: «Եթե ջերմոցում աճեցվող լոլիկի մասին է խոսքը, ապա պետք է ճշտել, թե որ ջերմոցում է այդ լոլիկն աճեցվել: Արդյո՞ք մենք այդ քանակությամբ ջերմոցներն ունենք: Օրինակ, Հոլանդիայում 10 հա ջերմոցից կարող են ստանալ 10 տ լոլիկ, իսկ Հայաստանում այդ ցուցանիշը 5 տ-ն չի գերազանցում, իսկ հին ջերմոցներում 5 անգամ քիչ բերք կարելի է ստանալ: Հարց է առաջանում ՝ որտեղ է արտադրվել այդ լոլիկը»: Նրա խոսքերով, խնդիրն այն է, որ որոշ չինովնիկներ փորձում են կեղծ թվեր ցույց տալով հաճոյանալ ղեկավարներին, մինչդեռ, առհասարակ Լարսի անցակետի փակ լինելու պատճառով տարվա ընթացքում արտահանման լուրջ խնդիրներ են եղել: