Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սովոր ենք մեր օրգանիզմը աղբանոցի տեղ դնել». սննդաբան (տեսանյութ)

Հասարակություն
nor-tari

Ամանորի նախապատրաստությունը երևանցիների 49 տոկոսի համար հաճելի աշխատանք է. նման արդյունք է ցույց տվել «Գելափ ինթերնեյշնլ» ընկերության կողմից շուրջ 800  հոգու շրջանում դեկտեմբերի 7-19-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած հարցումը: «Հարցվածների 26 տոկոսի համար տոնական նախապատրաստությունները ֆինանսական ծանր բեռ են, 24 տոկոսի համար՝ ավելորդ ծախս, ևս 24 տոկոսի համար՝ պարտականություն»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Գելափ ինթերնեյշնլ»  Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը: Ըստ հարցման արդյունքների՝ երևանցիների 89 տոկոսը տանն է դիմավորելու Նոր տարին, 3 տոկոսը՝ երկրից դուրս, և 2 տոկսը՝ ռեստորանում: Հարցումները ցույց են տվել, որ հայերն ամենից շատ տոնական սեղանների համար պատրաստում են տոլմա (66 տոկոս), խոզի բուդ (56 տոկոս),  նրբաբլիթ (56 տոկոս), քյուֆթա (20 տոկոս): Խմիչքներից նախընտրում են օղի (85 տոկոս), գինի (78 տոկոս) և կոնյակ (59 տոկոս ): Ասուլիսին ներկա սննդաբան Հասմիկ Աբովյանն էլ հավելեց, որ որքան էլ տոնական ուտեստների խելամիտ օգտագործման կոչեր հնչեն, միևնույն է՝ մարդիկ շարունակում են նույն կերպ ամեն տարի. «Բայց ես կուզեի շեշտել ամենավտանգավոր իրավիճակն այդ օրերին, դա կապված է խմիչքի հետ: Անգամ այն մարդիկ, որոնք տարվա ընթացքում սովոր չեն ալկոհոլ օգտագործել, այդ ժամանակաշրջանում խիզախանում են, բոլորին նայելով փորձում են խմել: Այսպիսի մի տարածված շատ սխալ կարծիք կա, որ եթե ալկոհոլն օգտագործում ես ճարպի հետ, այն պաշտպանում է օրգանիզմը, նման բան չկա: Հրաժարվեք այս միֆից, սա սարսափելի վտանգավոր բան է, օրգանիզմում կարող է սուր պանկրեատիտի իրավիճակ առաջացնել՝ ընդհուպ մինչև մահ»: Սննաբանի խոսքով՝ սննդային թունավորումներից խուսափելու համար պետք է քիչ քանակությամբ պատրաստել ուտեստները. «Կվերջանա, նորից կպատրաստեք: Եթե այդ պահին չեք օգտվում, ապա ուտեստները պետք չէ պահել տաք սենյակում, տարեք սառնարան: Աղցանները թթվասերով կամ մայոնեզով համեմեք անմիջապես մատուցելուց առաջ: Մեր ազգը սովոր չէ ուտեստ թափել, սովոր ենք մեր օրգանիզմը աղբանոցի տեղ դնել»: Մանրամասները՝ տեսանյութում