Հայաստանին հաճույքով են պարտք տալիս (տեսանյութ)
Հայաստանը պետական պարտքը սպասարկելու խնդիր չունի։ Ավելին՝ պատասխանատուների վստահեցմամբ՝ մեր պետությունը պարտքով գումար տվող կազմակերպությունների սիրելի գործընկերներից է։ «Բոլոր վարկատուները մեզ վերաբերվում են որպես լուրջ գործընկերոջ և ամեն տեղ մատնացույց են անում Հայաստանի և պարտքի կառավարումը, և պարտքի սպասարկման հետ կապված բարեխիղճ վերաբերմունքը»,- «Ա1+»-ի հարցին ի պատասխան ասում է Ֆիննախի պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը։ Սա հակառակ այն բանի, որ վերջին 8 տարում Հայաստանի պետական պարտքը եռապատկվել է՝ 1.9 միլիարդ դոլարից հասնելով 5 մլրդ 596 մլն դոլարի։ Տնտեսագետներն ահազանգում են՝ այս ցուցանիշը ՀՆԱ-ի գրեթե 60%-ն է կազմում, ինչը վտանգավոր շեմ է և նվազեցնում է կրկին պարտքով գումար վերցնելու հնարավորությունը։ Ֆինանսների նախարարության պաշտոնյան հանգիստ է վերաբերում իրավիճակին։ «Բարեկամներ, ես որ հենց տեսնեմ մեր պարտքը էնպիսի շեմի է հասել, որ ես վտանգ եմ զգում, բոլորիդ կասեմ»։ Ասելուց հետո ի՞նչ քայլեր ունեք անելու, հարցին Արշալույս Մարգարյանն արձագանքեց. «Բայց Դուք ինչի՞ եք ուզում որ հասնի վտանգավոր շեմի... Մենք թույլ չենք տա, որ հասնի վտանգավոր շեմի»,- ասում է Արշալույս Մարգարյանը։ Անկախ վերլուծաբանների կանխատեսմամբ՝ 2016 թվականի վերջում չի արդարանա 2.2% տնտեսական աճի մասին կառավարության սպասումները։ Մինչդեռ պարտք անելիս կառավարությունը հիմնվել էր նաև այդ ցուցանիշի վրա։ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանն ասում է. «Սպասարկման մասով երբևիցե կառավարությունը մեկ ժամ և մեկ դրամ սպասարկման խնդիր չի ունեցել։ Դա էս պահին ոչ թե տնտեսության խնդիր է, այլ ֆիսկալ կառավարման խնդիր է, հարկաբյուջետային կառավարման խնդիր է, էս պահի դրությամբ մենք որևէ ռիսկ չենք տեսնում»։ Պետական պարտքի սպասարկումն առավել պրոֆեսիոնալ իրականացնելու համար Եվրամիությունն է աջակցում Հայաստանին։ Առաջիկա երեք տարվա ընթացքում տեխնիկական և խորհրդատվական աջակցություն կտրամադրվի ֆինանսների նախարարությանը։ Ծրագրի գումարը կազմում է 200 000 եվրո։