Մայրական ապտակն իմաստավորեց գեներալի կյանքը (տեսանյութ)
Արևելագետ, լեզվաբան, գնդապետ, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը ծննդյան ամենահաճելի նվերն ստացել է օրը նոր սկսված։ «Առավոտյան երբ եկա աշխատանքի, ուսանողներս ինձ շնորհավորեցին։ Ավելի գեղեցիկ բան չկա»,- պատմում է գիտնականը։ Երևանի պետական համալսարանի մեծ դահլիճում հավաքված գիտնականները մեծարում են մայր ԲՈՒՀ-ի վաստակավոր դասախոսին, ով դարձավ 80 տարեկան։ 1936-ին ծնվել է Թեհրանում, տեղափոխվել Երևան ու ԵՊՀ-ում գրականագետի մասնագիտություն ստացել։ Գուրգեն Մելիքյանը հպարտությամբ է հիշում մանկության այն դասը, որը չմոռացավ ողջ կյանքի ընթացքում։ «Պատերազմի ժամանակ էր, և հայրս նորից վտանադի էր, չկար, մենք շատ ծանր էինք ապրում։ Դպրոցի հոգաբարձությունը հաց էր դրել դպրոցում և չքավորները օգտվում էին այդ սեղանից։ Մի անգամ, երբ տուն եկա, մայրս պետք է ճաշ բերեր, իրեն ասեցի կուշտ եմ, ասաց՝ Վարուժե՞նց ես կերել, ասեցի ոչ, մայր։ Բա՝ որտեղ, ասի՝ դպրոցում, ապտակեց ինձ, ասաց՝ դու ուրիշի հացն ես կերել։ Հավատացնում եմ՝ այդ ապտակը ինձ ուղղորդեց այսօր՝ ուրիշի հաց պետք է չուտել»,- հիշեց Գուրգեն Մելիքյանը։ Տասնամյակներ առաջ թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն էլ ուսանող էր և հիշում է դասախոս Գուրգեն Մելիքյանին։ Նրա մեջ ոչ միայն լավ գիտնականն է ապրում, այլ մանկավարժը, մարդը։ «Այն դասերը որ նա տվել է, ոչ միայն գիտության հետ կապված էր, այլ մարդկային կյանքի ամենատարբեր ոլորտներին։ Դա իմաստուն մարդու խոհուրդներ էին»,- ասում է թուրքագետը։ Գիտնականը դարձավ նաև արցախյան շարժման առաջամարտիկ։ Արցախը Գուրգեն Մելիքյանի սրտում էր միշտ և հայրենիքի այդ կտորին սպառնացող ադրբեջանական վտանգը առաջիններից մեկը հենց նա զգաց։ Ռուբեն Սաֆրաստյանը նշում է. «Նա առաջիններից էր, որ իրեն նույնացրեց մեր ժողովրդի մեծագույն պոռթկումի հետ։ Եվ հիմա էլ երբ Արցախը հանդես է գալիս որպես անկախ պետականություն, նա անմոռաց նվիրվում է Արցախի պետականության հզորացմանը»։ Գուրգեն Մելիքյանն ասում է. «Չկա հայաստանցի ու արցախցի, չկա հայաստանցի ու ղարաբաղցի, կա հայ։ Ովքեր որ սեպ են խրում, մի ընդունեք նրանց խոսքերը։ Դրանք մեր թշնամու խոսքերն են»։ Գուրգեն Մելիքյանը այսօր էլ արցախցիների կողքին է։ Նրա անունը կրող հիմնադրամը բարեգործական ծրագրերով հատկապես Քաշաթաղի բնակիչների կողքին է։ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը խոսում է կատարված գործերից։ «Գուրգեն Մելիքյան հիմնադրամը Քաշաթաղի երեխաներին մեծ աջակցություն է ցուցաբերել, նաև՝ անապահով ընտանիքներին, նրանց զարգացման համար։ Ամեն ընտանիքի տրամադրել է մեկ կով, որը մարդկանց համար ապրելու միջոց է հանդիսանում, և սոցիալապես անապահով ուսանողների վճարներն է վճարել»։ Պետհամալսարանում կազմակերպված տոնական հավաքին հնչող ոգեղեն խոսքերը պրոֆեսոր Մելիքյանը ընդունում էր լուռ հայացքով, համեստորեն։ Գեներալին շնորհավորական ուղերձներ էին հղել ՊՆախարար Վիգեն Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը։