Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաղողագործների գումարը դեռ չեն վճարել. ակցիա (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
karavarutyun-2

Քաղցրաշեն և Այգեզարդ համայնքների բնակիչները այսօր կրկին կառավարության շենքի առջև էին հավաքվել: Նրանց խոստացվել  էր մթերված խաղողի դիմաց գումարները վճարել մինչև դեկտեմբերի 1-ը.  «Մեզ նախարարը կանչեց իր մոտ, կոնյակ գնողին և վաճառողին, խոստացան, որ կոնյակը վաճառեն, մեր գումարները կտան, բայց հիմա կոնյակը չեն ուզում գնել, նոր հաճախորդ են փնտրում»,-մեզ հետ զրույցում ասաց Սոս Վարդանյանը: Նրա խոսքով՝  բոլորն իրենց խաբում են. «Ամեն անգամ փափուկ բարձ են դնում գլխներիս տակ, ուղարկում: Ոչ ոքի չենք  հավատում: Հիմա եկել ենք, որ վարչապետին տեսնենք: Թե հարց լուծի, միայն նա կլուծի: Եթե վարչապետը ցանկանա, ո՞վ կարող է իր խոսքից հետ կանգնել: Էսօր երկրի վարչապետ դեմք է, մենք նախագահական էլ գնացինք, մեզ ասացին՝ էստեղ մի եկեք, գնացեք կառավարություն»: Ի թիվս այլ քաղաքացիների, կառավարության շենքի մոտ էին հավաքվել նաև հաշմանդամ օդաչուները՝ պահանջելով իրենց հասանելիք թոշակները: Նախկին օդաչուների խոսքով՝ իրենց խնդրին տեղյակ են բոլորը, դիմել են Ազգային ժողով, ֆինանսների և արդարադատության նախարարություններ, ինչպես նաև՝ վարչապետին. «Մեզ վարչապետի աշխատակազմից զանգահարեցին և ասացին, որ վարչապետը հանձնարարել է չորս նախարարությունների ներկայացնել փաթեթ, քանի որ Հայաստանի Հանրապետությունում, բացի օդաչուներից, կան հանքափորներ և  այլ գործարաններում տուժածներ, որոնց հարցը բաց է մնացել: Ինչպես ես հասկացա, հարցին պետք է ընդհանուր լուծում տրվի»,- մեզ հետ զրույցում ասաց նախկին օդաչու  Ջիվան Ալավերդյանը՝ հավելելով, որ վարչապետը վերջնաժամկետ է նշանակել հունվարի 15-ը: