ԱՐՄԵՆ ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆ. «ԵՍ ԱՄԵՆԱՍՈՎՈՐԱԿԱՆ ՄԻ ԿԼՈՈՒՆ ԵՄ»
Աջակցիր «Ա1+»-ինՀայ մեծանուն դերասան եւ արդեն 10 տարի Մոսկվայի դրամատիկական թատրոնի ղեկավար Արմեն Ջիգարխանյանը նորից Երեւանում է:
Դերասանն այս անգամ Հայաստան է եկել` այստեղ տոնելու իր թատրոնի հիմնադրման 10 -ամյակը: «Նախորդ տարի էլ ավելի ուրախ առիթ էի նշում` իմ ծննդյան 70 -ամյակը: Որոշեցինք երկու ուրախ առիթները միավորել եւ միասին նշել»,- ասում Արմեն Ջիգարխանյանը:
Այս առիթով հոկտեմբերի 17-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում նրա ղեկավարած թատրոնի դերասանները հանդես կգան «Պահանջվում է ստախոս» ներկայացմամբ: Արմեն Ջիգարխանյանը նշում է, որ այս ներկայացումը վերջին անգամ խաղացել է շուրջ 45 տարի առաջ եւ հիմա այն կներկայացվի որոշ փոփոխություններով:
Իր մասին դերասանն ասում է, որ «ինքն ամենասովորական մի կլոուն է, որ միայն միմոսություններ կարող է անել» եւ ինչպես ամեն մի դերասան խաղում է իր երազանքը: Անցած 45 տարիները, սակայն, նրան մի պահ վախեցնում էին, քանի որ իր բոլոր մտերիմներին նա շատ փոխված ու ծերացած է տեսնում հիմա, իսկ դա նշանակում է, որ ինքն էլ շատ փոխվել է ու «դեֆորմացել »: Բայց նա լավատեսորեն է տրամադրված, քանի որ «եթե ամեն ինչ բնական հունով է ընթացել, ուրեմն ամեն ինչ կարգին է»:
«Դանթե Ալիգերին հետաքրքիր մի խոսք ունի` «Երկրագնդով ճափորդելուս կես ճամփին ես մոլորվեցի մութ անտառում» Ես այդ կես ճամփան անցա, այժմ` 70 տարեկան եմ, դա, ըստ որոշ ուսումնասիրողների, բարեպաշտի կյանքն է: Անցած տարի ես այդ սահմանն էլ անցա, եւ եկավ կյանքի ամենասարսափելի պահը` անապատ: Ես տոնեցի բարեպաշտիս տոնն ու շարունակում եմ հիմա ճամփաս դեպի անապատ»,- ասում է:
ԽՍՀՄ ժողովրդական դերասանը Երեւան է ժամանել իր մտերիմ ընկերներից մեկի` «Իզվեստիա» թերթի մշակույթի բաժնի աշխատակից Ելենա Յանկովսկայի հետ: Արմեն Ջիգարխանյանը խոստովանում է, որ չի մոռացել հայերենը: «Ամեն պատեհ-անպատեհ առիթներով այս մասին միշտ հարցնում են ինձ: Այն դարձել է ինձ ուղղված ամենաառաջին ու ամենակարեւոր հարցը` դուք հայերեն գիտե՞ք, հետո Կիրկորովը գիտի՞ հայերեն...»,- ծիծաղելով պատասխանում է Արմեն Ջիգարխանյանը:
Ինչ վերաբերում է «Ռուսաստանի լավագույն մարդիկ» հանրագիտարանում քվեարկությամբ Արմեն Ջիգարխանյանի ընդգրկվելու հավանականությանը, ապա դերասանը, իր բառերով, շատ հումորով է վերաբերվում այդ եւ նմանօրինակ այլ կոչումներին: «Փող կա մե՞ջը... Դատարկ բաներ են դրանք: Գիտե՞ք, ես ագրեսիվ չեմ իմ ցանկությունների մեջ, նույնիսկ ջանքեր եմ գործադրում, որ մերոնք ստանան, բայց ես կոչումները կհանեի: Աստված չանի վաղը ես դուրս գամ բեմ ու չլինեմ արքա Լիր, Համլետ, Օթելլո, այլ դառնամ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ: Դա հետարքրիր չէ»,- ասում է Արմեն Ջիգարխանյանը:
Արմեն Ջիգարխանյանն այդ կոչումները նաեւ «սարսափելի» է համարում, քանի որ իր ընկերներից մեկին նա կորցրել է հենց այդ պատճառով, երբ իրեն շնորհեցին ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչում, իսկ ընկերոջը` ոչ: «Իմ դերասաններից չորսին եւս կես ամիս առաջ շնորհեցին Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում: Մի փոքր վախ կա, որ դա մեզ թշնամի կդարձնի, բայց դրա համար էլ կան պրոֆիլակտիկ դեղահաբեր, որոնք դրանից կփրկեն»,- ասում է դերասանը:
ՀՀ մշակույթի եւ երտասարդության փոխնախագահ Գագիկ Գյուրջյանը, ի նշան սիրո ու հարգանքի, Արմեն Ջիգարխանյանին հանձնեց խորհրդանշական հուշանվեր: