Դահուկային մրցումներ Հայաստանում՝ նույնիսկ հունիսին (տեսանյութ)
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեն ձեռնամուխ է եղել Հայաստանում ձմեռային զբոսաշրջության զարգացմանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Զարմինե Զեյթունցյանը նշեց, որ ձմեռային զբոսաշրջությունն ուղղված է նաև համայնքների զարգացմանը. «2017 թվականի համար, այո, ձմեռային զբոսաշրջությունը հայտարարվում է կարևոր ուղղություն, որը միտված է Երևանից զբոսաշրջիկներին դեպի մարզեր տանելուն, ինչպես նաեւ զբոսաշրջային սեզոնը երկարացնելուն: Երբ խոսում ենք ձմեռային զբոսաշրջության մասին, իհարկե, առաջին փաստը ձյունն է»,-նշեց Զեյթունցյանը՝ հավելելով, որ զարկ են տալու հատկապես դահուկային սպորտի զարգացմանը: «Դահուկային սպորտի և հատկապես դահուկներով քայլարշավների, զբոսանքների համար Հայաստանն ունի բոլոր բարենպաստ պայմանները: Դրա համար ընդամենը արահետներ է պետք գծել, ենթակառուցվածքների կարիք, որպես այդպիսին, չկա: Հայաստանն ունի բոլոր նախադրյալները համաշխարհային շուկայում ներկայանալու որպես ձմեռային տուրիզմի համար նախընտրելի վայր»: Զարմինե Զեյթունցյանի խոսքով՝ Հայաստանում ձմեռային տուրիզմի հանդեպ մեծ հետաքրքրություն կա Ռուսաստանի եւ Արևմտյան Եվրոպայի զբոսաշրջիկների կողմից. «Իհարկե, Եվրոպայում կան լավ և հայտնի կենտրոններ, սակայն զբոսաշրջիկները փնտրում են էկզոտիկա եւ հետաքրքրություններ»: Ինչ վերաբերում է ձմեռային զբոսաշրջության հիմնական կենտրոններին, ապա դրանք են Ծաղկաձորը, Ջերմուկը, Շիրակի մարզը, Արագածը, Հատիսը, Արա լեռը եւ այլն: Խոսելով հյուրանոցների գների մասին, տիկին Զեյթունցյանը նշեց, որ իրենք մասնավոր սեկտորի գնային քաղաքականության վրա ազդելու լծակներ չունեն. «Դա պետք է որոշվի տուրօպերատորների եւ հյուրանոցների սեփականատերերի երկխոսության արդյունքում: Ինձ էլ է միշտ զարմացնում, թե ինչու են տարվա բոլոր սեզոններին հայաստանյան հյուրանոցների գները միշտ նույնը մնում»: Ասուլիսին ներկա՝ «Շիրակ տուրս» կազմակերպության տնօրեն Ալեքսան Տեր-Մինասյանը նշեց, որ Շիրակի Հյուսիսային հատվածն ամենացուրտն ու արևոտն է, այստեղ տարին յոթ ամիս ձյուն կա. «Ձմեռային զբոսաշրջություն սկսելու համար պետք է տեղացիները ձյունն ընդունեն որպես շատ հաճելի բան, ոչ թե սպասեն, թե երբ է այն հալվելու: Այսօր ամբողջ աշխարհում ձյան խնդիր կա: Ավստրիան եւ Շվեյցարիան, որոնք ձմեռային լավագույն կենտրոններն են, արհեստական ձյուն են օգտագործում, իսկ մենք Մեծ Սրբասար գյուղի մոտ ունենք մի հատված, որտեղ հունիս ամսին հրավիրում ենք դահուկային մրցումների»: