Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրիպով հիվանդ երեխաները դպրոց չպետք է գնան. Քաղաքապետի հանձնարարականը

Հասարակություն
taron-1

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետարանի ենթակայության մարզական և կրթամշակութային հաստատություններում ապահովված է անհրաժեշտ ջերմային ռեժիմը: Աշխատակազմի հանրակրթության և վերահսկողության վարչություններին, ինչպես նաև  վարչական շրջանների համապատասխան բաժինների պատասխանատուներին  հանձնարարվել է շարունակել անակնկալ այցերը վերոնշյալ հաստատություններ՝ հետևելով հանձնարարականի կատարմանը: Անդրադառնալով աշխատակազմի առողջապահության վարչության պետի զեկույցին վերջին մեկ ամսվա ընթացքում   օդակաթիլային վարակներով պայմանավորված սուր շնչառական հիվանդությունների աճի վերաբերյալ` քաղաքապետը հանձնարարել է հիվանդությունները կանխարգելելու նպատակով շարունակել խստացված հսկողությունը՝ ուսումնական հաստատություններ  վատառողջ երեխաների  հաճախելը բացառելու նպատակով: Աշխատանքային խորհրդակցության ժամանակ աշխատակազմի բնապահպանության և կոմունալ տնտեսության վարչություններին, ինչպես նաև 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է հետևողականորեն շարունակել աշխատանքները փողոցները, մայթերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև բակային տարածքները թափված տերևներից մաքրելու ուղղությամբ: Այդ համատեքստում հանձնարարվել է նաև խստորեն հետևել, որ բացառվեն կուտակված տերևների այրման հնարավոր դեպքերը: Երեւանի քաղաքապետարան