Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խոհանոցից մինչև մշակույթ պարտական ենք «ախպարներին»

Հասարակություն
15037256_1772615382988005_8362616858474479193_n

«Հայաստան երկիրը շատ բաներով պարտական է 1940- ականներին հայրենիք վերադարձած հայերին, խոհանոցից մինչև մշակույթ, արվեստներից մինչև արհեստներ, մենք պարտական ենք «ախպարներին», ամեն մեկն իր ծննդավայրից մի մասնիկ բերեց ու դրանով հարստացրեց մեզ»,- ասում է Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանն  այսօր կայացած իր առաջին գրքի` « Ախպարները» վեպի շնորհանդեսին: Վեպը Մեծ հայրենադարձության տարիներին հայրենիք վերադարձած հայերի մասին է, հեղինակն իր ընտանիքի պատմությունով փորձել է ներկայացնել այն դժվարությունները, որոնց միջով անցել են «ախպարներն» այդ տարիներին,- «Հետպատերազմյան շրջանում մարդիկ մեծ երազանքներով և նպատակներով եկան Հայաստան, հազարավորները բախվելով դժվարությունների՝ լքեցին հայրենիքը, բայց քիչ չէին այն հայերը, որոնք հաղթահարեցին դժվարությունները և դարձան Հայաստան երկրի մի մասնիկը, գիրքն արտացոլում է հենց այդ մարդկանց ճակատագրերը»,- նշում է Նարեկ Գալստյանը: Հեղինակն անկեղծանում է` գիրքը գրել է ընդամենը 3-4 շաբաթում,- « Մեծ մայրիկիս պատմությունները, որը մեկ ու կես տարի առաջ հեռացավ կյանքից՝ այս աշխատության հիմքն են։ վերջին շրջանում Աթենքում հաճախ էի լինում, ընտանիքս Հայաստան է եկել Հունաստանից և կարծես հասունացել էր այն պահը, երբ որոշեցի վեպի տեսքով ամփոփել այդ մարդկանց պատմությունները: Գրելիս երաժշտություն շատ էի լսում. օրինակ ֆաշիստական Գերմանիան նկարագրելիս Վագներ էի լսում, որովհետև երրորդ ռեյխի ամենասիրելի կոմպոզիտորն էր, Մեծ մորս կերպարն ուղղակի առնչություն ունի Անրի Վերնոյի « Մայրիկ» ֆիլմի հետ, նրա մասին գրելիս անընդհատ այդ ֆիլմի երաժշտությունն էի լսում»: Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի կարծիքով, առաջին գրքի համար հեղինակի աշխատանքը հրաշալի է, չնայած կան թերություններ,-« ամենակարևորը հեղինակի պոտենցիալն է, որպես գրականագետ, ցանկանում եմ, որ Նարեկը շարունակի գրել, բավականին լավ է ստացվում»։ 15037256_1772615382988005_8362616858474479193_n-1