Պատրաստվում են բաց եղանակով շահագործել Երևանի բազալտի հանքավայրը. ԷկոԼուր
«Վալոդիա Գրիգորյան» ՍՊԸ-ն պատրաստվում է Երևանում՝ Աջափնյակ համայնքի արևմտյան սահմանի մոտ, բաց եղանակով շահագործել Աջափնյակի դոլերիտային բազալտի հանքավայրը: Հանքավայրի շահագործման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության լսումները նախատեսված են նոյեմբերի 28-ին՝ ժամը 12.00-ին, Երևան քաղաքի Կոմիտաս 54/157 հասցեում: Բացհանքի տարածքը կազմելու է 0.84 հա: Նախատեսվում է արդյունահանել բազալտի զանգված երեսապատման բլոկներ և շինքար, ինչպես նաև շինարարական խիճ և ավազ ստանալու համար: Բացահանքի տարեկան արտադրողականությունը կազմելու է 2750մ3 դոլերիտային բազալտի զանգված: Մակաբացման ապարների ընդհանուր ծավալը կազմելու է 66.8հազ.մ3, որոնց տեղադրման համար կպահանջվի մոտ 1.0հա լրացուցիչ տարածքների օտարում: Թափոնների ընդհանուր ծավալը կկազմի 84.3հազ.մ3 և դրանց լցակույտավորման համար անհրաժեշտ կլինի օտարել մոտ 1.5հա տարածք: Հաշվարկվել է, որ փորման-բեռնման աշխատանքների ժամանակ մթնոլորտ կարտանետվի 0.15 տ/տարի, տրանսպորտի շարժման ժամանակ 0.363 տ/տարի, պահեստների և լցակույտերի մակերեսից 1.4 տ/տարի փոշի: Թե հանքն իր ենթակառուցվածքներով ինչ հեռավորության վրա է գտնվում բնակելի տներից, նշված չէ: Բացահանքում նախատեսվում է հանքարդյունահանման աշխատանքները կատարել շուրջ տարի, շաբաթում 5-օրյա աշխատանքային ռեժիմով: Հանքը գործելու է 18 տարի: Նշենք, որ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով Երեւանում 2016թ-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ տրամադրված է 23 ընդերքօգտագործման իրավունք: ԷկոԼուր