Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Էքստրիմ սիրում են աղջիկները. նրանք ավելի անվախ են»

Հասարակություն
yell

Հատկապես աղջիկները չեն վախենում ու սիրում են էքստրիմ սպորտաձեւերը։ Այս համոզմանն է Yell Extreme Park նախագծի հեղինակ Տիգրան Չիբուխչյանը. «Հիմնականում գալիս են 18-26 տարեկան չամուսնացած աղջիկներ։ Կարծում եմ՝ անկախ ՀՀ-ում աղջիկներն ավելի անվախ են ու ակտիվ, դա է պատճառը»։ Երեւանից 140 կմ հեռավորության վրա գտնվող Տավուշի մարզի Ենոքավան համայնքում շուրջ մեկ տարի գործող այս նախագիծը, նրա խոսքերով, ընտանեկան բիզնես է. «Հիմնական շեշտը փորձում էինք դնել արտասահմանյան զբոսաշրջիկների վրա, սակայն ամենից ակտիվը եղան հայաստանցիները, հատկապես՝ երեւանցիները։ Նպատակն է ապացուցել, որ կա ապագա՝ ՀՀ-ում մնալ ու փող վաստակել այնքան, որ բավարարի լավ ապրելու համար»։ Տիգրան Չիբուխչյանի խոսքով՝ իրենց աշխատողները՝ 50-60 մարդ, հենց Ենոքավանից են. «Փաստ է, որ Ենոքավանը հիմա ամենից քիչ արտագաղթ ունեցող համայնքն է։ Ենոքավանցին այլեւս չի ուզում գնալ ՀՀ-ից. եթե երեւանցին չէր հավատում մեր նախագծին, ապա ենոքավանցին հավատաց ու մնաց:  Կան սիրիահայ աշխատողներ, որոնք ՀՀ են եկել վերջին պատերազմական գործողությունների հետեւանքով: Որքան շատ լինի զբոսաշրջիկների հոսքը մարզեր, այնքան մեծ կլինի հնարավորությունը՝ կրճատելու արտագաղթը»: Yell Extreme Park նախագիծը ունի հինգ զիպլայն գիծ(ճոպան), որոնք արդեն գտնվում են ԱԻՆ-ի վերահսկողության տակ: «Թեեւ անվտանգության բոլոր նկատառումները հաշվի են առնված, սակայն այս պարագայում կարեւորը զիպլայնով թռչողի զգոնությունն է: Եթե խնդիրներ են առաջանում, ապա դա միայն գալիս է թռնողի արկածախնդրությունից: Իհարկե, սա ռիսկ է, ադրենալին է, սակայն ամեն քայլ կատարելիս պետք է հիշել, որ չպետք է լինել արկածախնդիր ու պահպանել անվտանգության բոլոր նախատեսված կանոնները»,- նշում է նախագծի մամուլի պատասխանատու Տաթեւիկ Սիմոնյանը: Տիգրան Չիբուխչյանը նաեւ նշեց, որ նախատեսում են մինչեւ եկող տարվա մայիս ունենալ աշխարհի ամենաերկար զիպլայն գիծը՝ 3.2 կիլոմետրանոց. «200 հազար դոլարի ներդրում ենք նախատեսում դրսից: Այս նոր զիպլայն գիծը հնարավորություն կտա կապ հաստատել Ենոքավան համայնքի եւ մեր՝ Yell Extreme Park-ի միջեւ: Ի դեպ, Ենոքավանում ֆրանսիական թաղամաս է կառուցվելու. նախանցյալ տարի ֆրանսիական քաղաքացներից մեկի հետ Ենոքավանը դարձավ քույր քաղաք: Սա ավելի շատ մարքեթինգային քայլ է, եւ կլինեն ֆրանսիական ներդրումներ: Նախատեսում ենք զարգացնել էթնո ու էկո տուրիզմ, ինչպես նաեւ՝ ագրոտուրիզմ՝ մի բլրի վրա մենք ստեղծել ենք ավանդական հոնի պլանտացիաներ՝մոտ հինգ հազար ծառ, եւ պետք է պատրաստենք Ենոքավանի ավանդական օղի, չորանոց: Հինգ-տասը տարվա զարգացման ծրագիր ենք մշակել»: Ի դեպ, մեկ տարվա ընթացքում Yell Extreme Park է այցելել 12 հազար այցելու: Նախագծի հեղինակները նախատեսում են նաեւ փոքր ավիացիայի զարգացում՝ կարճ թռիչքներ Ենոքավան-Երեւան: