A
A
Աղքատության դեմ պայքարի միջազգային օրը՝ աղքատության ճիրաններում
Թեև տարին տասներկու ամիս է «Շիրակ կենտրոնը» պայքարում աղքատության դեմ, սակայն այս օրերին կազմակերպության կողմից իրականացվող բարեգործական ձեռնարկները նվիրեցինք հենց այս օրվան: Այն ինչին ականատես են լինում , «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները, աղետի գոտու տնակային ավաններում, ուր հարյուրավոր ընտանիքներ, միայնակ տարեցներ և երեխաներ ամենօրյա գոյամարտ են մղում ծայրահեղ աղքատության ճիրաններից ազատվելու համար:
- Տնակային ավաններում բնակվող ընտանիքներին, մոտալուտ ձմռանը փոքրիշատե ջերմություն պարգևելու նպատակով, «Շիրակ կենտրոնի»` «Ձմռան վառելափայտ դոմիկներում բնակվող 1000 ընտանիքներին. 2016-2017 թթ.» բարեգործական ամենամյա ձեռնարկը սկսելուց առաջ փորձեցինք մի փոքր ուսումնասիրություն կատարել, պարզելու համար, թե ինչպես են նրանք նախապատրաստվել և արդյո՞ք ձեռք բերել են վառելափայտ և ինչպես են դիմագրավելու ցրտաշունչ ձմռանը: Տասնյակ ընտանիքների համար վառելիքի հայթայթման վայրերը հիմնականում աղբանոցներն ու քաղաքի ծայրամասային թփուտներն են: Կուտակել են ձեռքերն ընկած իրերը` պլաստիկ շշեր, թուղթ, հնամաշ շորեր և կոշիկներ, անվադողեր: Այս պատճառով տնակային ավաններում ձմռան ամիսներին ծխնելույզներից թափվող ծխից կարելի է շնչահեղձ լինել:
- Այս օրերին առաջին հերթին վառելափայտ տրամադրեցինք Գյումրու վագոն-տնակներում իրենց մի կերպ գոյատևող տասնյակ միայնակ տարեցների: Հատուկ ուզում ենք շեշտել, որ նրանցից շատերը մեր այցելություններից առավել ուրախ էին, քան վառելափայտի և այլ օգնությունների համար, որը տրամադրում ենք նրանց: Առանց վարանելու կարելի է ասել, որ տնակային ավաններում շուրջ 28 տարի բնակվող միայնակ տարեցներից յուրաքանչյուրի կյանքի պատմությունը մի իսկական ողբերգություն է:
- 77-ամյա Էմմա տատը մեծ կամքի տեր կին է, միայնակ խնամում է իր անկողնային հիվանդ որդուն: Ծառերի ճյուղեր կտրատելու և ձմռան վառելիք հայթայթելու պատճառով մի քանի օր առաջ վնասել էր ձեռքը: Թեև վատ տեսողությանը, ամեն օր ասեղնագործությամբ է զբաղվում: Երազում է մի օր վաճառել իր աշխատանքները: Ի դեպ մեր ուրախությունը ուզում ենք արտահայտել, եթե տարիներ շարունակ նրա ձեռագործ աշխատանքների հիմնական գնորդը , «Շիրակ կենտրոնն» էր, ապա մեր ֆեյսբուքյան էջում այդ մասին հրապարակումից անմիջապես հետո մի շարք գործընկերներ ցանկացել են գնել նրա աշխատանքներից:
- Տնակային ավաններում կարծես ամեն ինչ իրար է խառնված, ինչպես կյանքում, այնպես էլ շրջապատում: Բայց այն ինչ կարող ենք տեսնել տնակային ավաններից մեկում բնակվող մի շատ բարի միայնակ տարեցի կացարանի բակում և մոտակա տարածքում՝ անհավատալի է թվում: Ամենուր մաքրություն է, շրջակա ամբողջ տարածքը կանաչապատել, զարդարել է և իսկական հանգստի վայրի է վերածել: Մեր հերթական այցելության պահին նա հարակից տարածքների ծառերն էր էտում, իսկ կտրված ճյուղերն էլ որպես վառելափայտ դասավորում տնակի մի անկյունում:
- Տարիներ շարունակ, գրեթե ամեն օր շփվելով սոցիալապես ծայրահեղ պայմաններում բնակվող անօթևան ընտանիքների հետ, թվում է, թե այդ ամենը մեզ համար վերածվել է սովորական երևույթի: Պարբերաբար հանդիպում ենք այնպիսի աղքատության, որ չցնցվել պարզապես անհնարին է: Անմարդկային, ցանկացած բանտի պայմաններից անհամեմատ սոսկալի վիճակում, ընդամենը 3 քառակուսի մետր տարածքում, Սլաբոդկա կոչվող թաղամասի ծայրամասում գտնվող, խարխուլ, առանց պատուհանի և անգամ արևի լույսի մի խրճիթում հանդիպեցինք իր միակողմանի ծնողազուրկ 6-ամյա, մանկուց առողջական խնդիրներ ունեցող որդու հետ բնակվող կնոջը: Հոր՝ վիրավոր ազատամարտիկի մահից հետո էլ ավելի է դժվարացել նրանց կյանքը: