Ողջունելի կլինի, եթե ԵՄ-ի հետ հարաբերությունները զարգանան (տեսանյութ)
Նոր կառավարությունը իր նոր դեմքերով՝ նախարարներով եւ վարչապետով, որոշակի երաշխիքներ, սպասումներ է առաջացրել Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի մոտ: Նրա խոսքերով՝ բիզնես դաշտում էլ որոշակի ոգեւորություններ են առաջացել՝ տեսնելով բյուջեի օպտիմալացման հետ կապված ՊԵԿ-ին եկամուտների, ծախսերի մասով, ինչ հանձնարարականներ են տրվում: «Գաղտնիք չէ, որ բյուջեում անհարկի ծախսեր կային եւ ՏԻՄ մարմինների ներքո կոռուպցիոն ռիսկեր կային եւ ավելորդ գումարներ էին կորում: Այն միտքը, որ ասել եմ ուժի մեջ է՝ մի կեսը կարծես մյուս կեսին է պահում: Մի կեսը՝ ՏԻՄ-երը, նստած է դոտացիաների վրա, մի կեսը արտադրում է եւ հարկեր է մուծում: Մի կեսն էլ ոչինչ չի անում, միայն վերցնում՝ ծախսում է: Այդ մասով հանձնարարականներ են տրված»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Գագիկ Մակարյանը: Նրա խոսքերով՝ ներքին ներդրողների խթանումը պետք է զարգացնել ոչ թե ուղղակի գործարար միջավայրի բարելավման ճանապարհով, այլ հատուկ էկառավարության կողմից կիրառվող մեթոդաբանությամբ. «Այսօրվա բանկային համակարգը իր տոկոսադրույքներով ոգեւորող չէ , տոկոսադրույքները բարձր են, բանկերը մեծ գումարներ տրամադրել չեն ցանկանում եւ այլն»: Գագիկ Մակարյանի համար ողջունելի կլինի այն, եթե մինչեւ տարվա վերջ ԵՄ-ի հետ հարաբերությունները զարգանան եւ ստորագրվի որոշակի համաձայնագիր: «Այդ դեպքում կունենանք ԵՏՄ, ԱՄՆ, ԵՄ եւ գումարած մնացած երկրների հետ դիվերսիֆիկացված տնտեսություն»: Ըստ Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի՝ ինչպես արտաքին դիվանագիտության, այնպես էլ տնտեսության մեջ պետք է դրսեւորել կոմպլեմենտար քաղաքականություն: