Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարը կոնյակ վերցրել է եւ իրեն շատ հարուստ չի համարում

Հասարակություն
aroxjapahutun

Կոռուպցիան բժշկին նվիրաբերված կոնյա՞կը, ծաղիկնե՞րը, թե՞ գումարն է: Այս հարցին Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը մի պատասխան ունի. «Թող քաղաքացիները չտան, իսկ եթե բժիշկը պահանջում է, ուրեմն դատախազությունը պետք է զբաղվի»: Արդյոք նրան՝ որպես բժշկի, ժամանակին առաջարկե՞լ են նման նվիրաբերություններ. «Իհարկե, եղել է, որ կոնյակ էլ են նվիրել, ծաղիկ չեն նվիրել, բայց կոնյակը վերցրել եմ»: Ինչպե՞ս ազդել, որպեսզի կոռուպցիոն նման դրսեւորումներ չլինեն, նախարարը հստակ դեղատոմս ունի. «Պիտի բժիշկների աշխատավարձերը բարձրացնենք, արդյունավետությունը բարձրացնենք, եւ վերջապես քաղաքացիներին կրթենք, որ պետք չէ մոտենալ բժիշկներին այդ հարցերով»: Ինչ վերաբերում է պետպատվերների նվազեցմանը, ապա նախարարը վստահեցրեց, որ աշխատում են այդ ուղղությամբ. «Պետպատվերի ոլորտում գումարների բաշխումը դադարեցվել է ու կատարվում է  ըստ օրենքի»: Պարոն Ալթունյանը առողջապահական համակարգում կոռուպցիոն հիմնական դրսեւորումները տեսնում է հենց այս ոլորտում. «Ես կարող եմ երաշխավորել, որ ներկա ժամանակ կոռուպցիոն ռիսկերը բացառված են՝ կոռուպցիա չկա եւ չի լինելու առաջիկայում: Դա ինչ վերաբերում է իմ պաշտոնավարման հարցին: Ինչ կատարվել է մինչեւ այդ, ես ոչ ժամանակ ունեմ, ոչ մասնագիտական փորձ, որ զբաղվեմ նման քննություններով: Մինչեւ իմ նշանակվելը գիծ ենք քաշել ու շարժվում ենք առաջ»: Հարցին՝ արդյոք նա իրեն համարում է հարո՞ւստ, թե շատ հարուստ, նախարար Ալթունյանը պատասխանեց. «Դվար է ասել՝  բժիշկների համեմատ՝ հարուստ, շատ հարուստների համեմատ՝ աղքատ»: