Դիեգո Մարադոնան խաղաղության խաղում կռիվ է հրահրել (տեսանյութ)
Արգենտինացի հանրահռչակ ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան Հռոմում կայացած խաղաղության խաղում փորձել է պարզել հարաբերություններն իր հայրենակից, Արգենտինայի հավաքականի նախկին կիսապաշտպան Խուան Սեբաստիան Վերոնի հետ: 2010թ աշխարհի առաջնությունում Գերմանիայից 0:4 հաշվով կրած պարտությունից հետո Դիեգո Մարադոնան, որն այդ ժամանակ եղել է իր երկրի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը, Վերոնին մեղադրել էր դավաճանության մեջ: Դրանից հետո նրանց հարաբերություններն անչափ լարված են: Խուան Սեբաստիան Վերոնը ներկայումս արգենտինական «Էստուդիանտես» ակումբի նախագահն է, իսկ Դիեգո Մարադոնան 2010 թվականի ֆիասկոյից հետո անգործ է մնացել: Նշենք, որ Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում խաղաղության հանդիպումը կազմակերպելու գաղափարը պատկանում է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, որը ֆուտբոլի մեծ սիրահար է: Մարադոնայի թիմը ուժերը չափել է Ռոնալդինյոյի թիմի հետ: Խաղն ավարտվել է բրազիլացու ընտրած ֆուտբոլիստների հաղթանակով՝ 4:3: Ստացված ողջ հասույթը կտրամադրվի այս տարվա օգոստոսի 24-ին Իտալիայի կենտրոնական հատվածում տեղի ունեցած երկրաշարժից տուժածներին: