Մաքսազերծման խնդիրներ՝ գրական ժառանգությունը Հայաստան հասցնելիս
Հայ արվեստասերներն այսուհետ հնարավորություն կունենան Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում ծանոթանալ հայ բանասեր և արձակագիր Լևոն Մինասյանի գրական ժառանգությանը։ Անվանի գրականագետի հավաքածուն թանգարանին է հանձնել Լևոն Մինասյանի դուստր Արմինե Մինասյանը։ «Հայրս իր ողջ կյանքը նվիրել է հայերեն լեզվի զարգացմանն ու գրականագիտական հոդվածներին: Նրա համար զավակները առաջին հերթին գրքերն էին, հետո՝ մենք»,- նշեց Արմինե Մինասյանը: Հավաքածուն բերվել է բանաստեղծի ծննդավայր Նոր Ջուղայից և ներառում է բազմաթիվ գրականագիտական հոդվածներ, նամակներ, ինչպես նաև՝ պարսկական մանրանկարչության և կերպարվեստի այլ նմուշներ: «Լևոն Մինասյանի հավաքածուն Հայաստան տեղափոխելիս շատ դժվարություններ ունեցանք մաքսազերծման գործում: Այսպիսի խնդիրների հանդիպում ենք ամեն անգամ, երբ մեծ քանակությամբ գրական և մշակութային ժառանգություն ենք բերում: Այդ պատճառով արտասահմանից եկող մեր բարերարներին խորհուրդ եմ տալիս սկսել մեկ-երկու ճամպրուկից»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը: Լևոն Մինասյանի թողած ժառանգությանը կարելի է ծանոթանալ թանգարանի հատուկ սահմանված կարգով՝ ընթերցասրահում պատվիրելով ներկայացված նմուշները: