Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ն կարող է ապացուցել, որ չի խախտել համաձայնագիրը Վանաձորում (տեսանյութ)

Քաղաքականություն
vahe-enfiajyan

ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով մասնավորապես Վանաձորում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններին, հանդես եկավ անակնկալ հայտարարությամբ: Նա հայտարարեց, որ իրենք գնահատել են ընտրական ռիսկերը եւ երեք ուժերով ու մասնավորապես կուսակցության ներսում կոնկրետ պայմանավորվածության էին եկել. «Տարաբնույթ ընտրական հնարքները կան սահմանված նմուշների մեջ, որ տարբերվի ընդհանուրից: Մենք կարողացանք առանձնացնել մեր քվեները, որ մենք քվեարկել ենք «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածուի օգտին, ինչը վերահաստատել է ԼՀԿ ներկայացուցիչը: ԲՀԿ քվեաթերթիկները տարբերվում էին ծալելու ձեւից, պտիչկան վանդակի անկյունից մի փոքր դուրս էր ու կոր էր, եւ մեր քվեաթերթիկները ծալած էին, ի տարբերություն մյուս քվեաթերթիկների: Մյուս ուժերը ինչո՞ւ չեն հրապարակում իրենց քվեաթերթիկները, մնացած երկու ուժերը դեռ որեւէ փաստ չեն ներկայացրել: Ինչ վերաբերում է ՀՀԿ քաղաքապետին իմպիչմենտ ներկայացնելուն, ապա դա չի բացառվում»: Ըստ Վահե Էնֆիաջյանի՝ երբ տեղի էր ունենում այդ բանավեճը, ԲՀԿ ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հայտարարեց, որ քվեարկությունը լինի բաց.  «Բաց քվեարկությունների ժամանակ պարզ կդառնար՝ ովքեր են այդ չորս անձը, որոնք խախտել են պայմանավորվածությունը: Հիմա երեք ուժերի՝ ՀՎԿ, ԲՀԿ, ԼՀԿ կողմից կա որոշում՝ չմասնակցելու ավագանու նիստերին: Հիմա միասին քննարկում ենք այդ հարցը, սակայն նախապատվությունը չմասնակցելն է: Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժից կլինի պայմանավորվածություն խախտողը, վանաձորցիների հակակրանքն արդեն շատ մեծ է. քաղաքական ուժերից առավել ժողովուրդն է գնահատական տալու, թե ով է իրականում եղել դավաճանը»: Շարունակելով՝ պարոն Էնֆիաջյանը նշեց, որ վերջին ՏԻՄ ընտրություններից ակնկալիք կար ձեւավորելու քաղաքական նոր մշակույթ, ինչպես նաեւ՝ առաջնորդվել նոր ԸՕ-ով. «Լարվածություն, բնականաբար, կար, ինչ եզրահանգում էլ որ լինի ընտրություններից,  պատասխանատուն բացառապես իշխանությունն է: Այս ընտրությունները որոշակիորեն բացառիկ էին, քանի որ բազմաթիվ նոր կուսակցություններ են ձեւավորվել, որոնք ցույց տվեցին, թե որ քաղաքական ուժը որքանով է մրցունակ: ՀՀԿ թեկնածուն ընդամենը չորս ձայնի առավելությամբ հաղթեց ու տեսաք, թե ինչ մթնոլորտում նա ընտրվեց. օրենքի տառին ոչ ներդաշնակ մոտեցումներ կային՝ քվեախցիկը բոլորի աչքի առաջ էր, մեկ գրիչ պետք է լիներ, ինչը չէր ապահովվել, հեռախոս կամ այլ իրեր չպետք է լինեին ավագանու որեւէ ներկայացուցչի մոտ, մինչդեռ կային»: