Էջմիածինը դարձավ 2701 տարեկան (տեսանյութ)
Էջմիածինն այսօր նշում է քաղաքի ծննդյան 2701 ամյակը : Էջմիածնի տոնի շրջանակներում այսօր քաղաքի մարզադպրոցում անցկացվում է մարզական պարերի փառատոն: Բացման արարողությունը կատարվեց նախորդ տարի քաղաքի 2 700 ամյակի առիթով գրված երգի հնչյունների ներքո: Էջմիածնի բաց առաջնությունն անցկացվում է ըստ տարիքային խմբերի, իսկ մրցատյանում Հանրապետությունից լավագույն պրոֆեսիոնալներն են: Այսօր նաեւ ծաղկադրում կատարվեց Էջմիածնի Վազգեն Սարգսյանի անվան հրապարակում` Սպարապետի հուշարձանի մոտ: Միջոցառմանը ներկա էին քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը, գեներալ Սեյրան Սարոյանը, քաղաքի ողջ ակտիվը: Էջմիածնի տոնի բարձրակետն էր շքերթը, որին մասնակցում էին քաղաքի բոլոր խավերի ներկայացուցիչները` ուսանողություն, հոգեւոր դաս, մարզիկներ, մտավորականներ, արվեստագետներ: Բեմականացված ներկայացման ժամանակ հրապարակ մուտք գործեցին նաեւ մաշտոցյան տառերը, որոնց դիմավորեցին Վռամշապուհ արքան եւ Սահակ Պարթեւ կաթողիկոսը: Ներկայացվեց ֆլեշ մոբ-պար, որին մասնակցում էին ինչպես Էջմիածնի քաղաքապետարանի Մշակույթի պալատի պարախմբերի սաները, այնպես էլ էջմիածնի դպրոցների աշակերտները, ովքեր պարերը սովորել են ազգագրական պար առարկայի դասընթացից: Այնուհետեւ քաղաքապետն ու քաղաքի հյուրերը շրջեցին տաղավարներով, որոնցում ցուցադրված էին քաղաքապետարանի գեղարվեստի դպրոցի, Հայ միասնության խաչի, <<Մեր տունը>> հասարակական կազմակերպության, քաղաքի դպրոցների սաների աշխատանքները: տաղավար էր ներկայացրել նաեւ գրադարանը: Էջմիածնի տոնի միջոցառումները կեզրափակվեն համերգային ծրագրով, որը կավարտվի շքեղ հրավառությամբ: