Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ГОСТ-արտադրված է Երևանում». կգործի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Հասարակություն
gost

«Էրեբունի-Երևան» տոնակատարության շրջանակում  Երևանի պատմության թանգարանում բացեց  «ГОСТ-արտադրված է Երևանում» խորագիրը կրող ցուցահանդեսը, որտեղ   ներկայացվել են  խորհրդային տարիներին Երևանում արտադրված թեթև և սննդի  արդյունաբերական արտադրանքների նմուշներ՝ թանգարանի արտադրական ֆոնդի հարուստ հավաքածուից: Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանի փոխանցմամբ՝   «ГОСТ-արտադրված է Երևանում»   ցուցահանդեսը նվիրված է ինչպես  Երևանի 2798, այնպես էլ   թանգարանի 85-ամյա հոբելյաններին: «Խորհրդային իշխանության տարիները Երևանի համար եղան տնտեսական հաջողությունների ժամանակաշրջան: Կառուցվեցին արդյունաբերական մանր ու խոշոր բազմաթիվ ձեռնարկություններ: Արդյունաբերական որոշ ճյուղերի համախառն արտադրանքով Երևանը Խորհրդային Միության տնտեսական համակարգում գրավում էր առաջնային տեղերից մեկը: Արդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքն արտահանվում էր  միության մյուս հանրապետություններ և արտասահմանյան երկրներ: Մեծ պահանջարկ էին վայելում հատկապես Երևանում արտադրված կոնյակը, գինին, ծխախոտը, կոշիկները, գորգերը»,- նշել է Արմինե Սարգսյանը՝ հավելելով, որ ձևավորված ավանդույթի համաձայն, արդյունաբերական ձեռնարկություններն   իրենց արտադրանքի առաջին նմուշներից նվիրում էին  Երևան քաղաքի պատմության թանգարանին, որոնցից և  կազմավորվել է  թանգարանի հավաքածուի արտադրական ֆոնդը: Նշենք, որ  ցուցահանդեսի այցելուներն այստեղ կտեսնեն գինու կոմբինատի և  կոնյակի գործարանի  (1953-1991թթ. այս գործարանին էր պատկանում Հայաստանում կոնյակի արտադրության մենաշնորհը), ծխախոտի կոմբինատում արտադրված գլանակների, սովորական և ֆիլտրով բարձրորակ մակնիշի սիգարետների, կոշիկի  «Մասիս» արտադրական միավորման, ժամացույցի գործարանի արտադրած զարթուցիչների, էլեկտրոնային և մեխանիկական ժամացույցների,  կարի «Գարուն» արտադրական միավորման, հախճապակու գործարանի ազգային բովանդակությամբ,  Գեղարվեստական կոմբինատի և «Հայգորգ» արտադրական միավորման արտադրանքի շուրջ 600 նմուշ: «ГОСТ-արտադրված է Երևանում» խորագիրը կրող ցուցահանդեսը  կգործի մինչև  տարեվերջ`երկուշաբթիից- շաբաթ, ժամը 11-17.30: