Ջերմ ու ծիծաղելի ներկայացումը՝ Երևանում (տեսանյութ)
2011-ին աշխարհում ճգնաժամ էր, և բրիտանացի երկու պարող ընկերներ որոշում են մարդկանց թեթևացնելու համար բեմականացում պատրաստել: Այսօր արդեն «Հիմար-սինկրազիա» ներկայացումը մասնակցում է HighFest միջազգային թատերական փառատոնին: Ընկերները Երևան են եկել ոչ միայն իրենց աշխատանքը ցուցադրելու. «Սա մեզ համար հարստացնող է, տեղի է ունենում մշակութային փոխանակում: Ոչ միայն տալու, այլև ինչ-որ բան ստանալու համար ենք այստեղ»: Տղաները հասցրել են շրջագայել Ամերիկայում ու Եվրոպայում: Հաջողության գաղտնիքը ճկուն լինելու մեջ է. ուր գնում են՝ փորձում են իրենց հարմարեցնել տվյալ հանդիսականի մշակույթին: Տպավորված են Լեհաստանի ընդունելությունից. «100-ից ավելի մարդ էր հավաքվել: Ներկայացման ընթացքում բոլորը վեր կացան ու սկսեցին մեզ հետ ցատկոտել»,-հիշում է Մորենո Սոլինասը: «Հիմար-սինկրազիա» երաժշտական ներկայացումը նաև հայ հանդիսատեսին է ներկայացվելու: Մինչ այդ բրիտանական The guardian պարբերականը այն բնութագրել է որպես ջերմ ու ծիծաղելի ներկայացում: Հեղինակները կարծում են, որ նման գնահատանքի պատճառն այն է, որ բեմականացումն ստեղծվել է ճիշտ ժամանակին: Այն երաժշտական հատվածներ ունի, որոնք դիտողին դարձնում են մասնակից: Սոլենասն ասում է. «Երաժշտությունը հավաքում ու միաձուլում է այն շրջապատը, որտեղ ապրում ենք»: Ներկայացումը կցուցադրվի Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում՝ հոկտեմբերի 7-ին և 8-ին։