Լոռեցին,որը մերժեց Կոմիտասին
Լոռվա մարզի մի փոքրիկ գյուղում՝ Վարդաբլուրում , Կոմիտաս վարդապետին չհիշել չես կարող։
Նրա հանրահայտ «Հորովելի» հետ կապված պատմությունն այստեղ գրեթե բոլորը գիտեն։ Ասում են՝ երգը գրվել է հենց այստեղ՝ ժամանակին վարդերով, հիմա՝ իր արհեստական լճերով հայտնի գյուղում։
Մեծերը վստահեցնում են, թե հենց իրենց՝ հորովելի կատարմամբ հայտնի համագյուղացուց լսած մեղեդին է նոտայագրել Կոմիտասը, երբ եկել է Լոռու մարզ՝ ժողովրդական երաժշտություն գրի առնելու։
Պատմում են՝ երբ երեկոյան Կոմիտասը գյուղացուն խնդրել է երգել, վերջինս կտրականապես հրաժարվել է։
Առավոտյան գյուղացին, երբ հորովելի մեղեդին սուլելով, եզը դուրս է հանել գոմից, Կոմիտասը չի կորցրել պահը եւ արագ նոտայագրել է երգը:
Հետո հարցրել է գյուղացուն, թե ինչու է երեկ հրաժարվել կատարել հորովելը: Վերջինս բացատրել է՝ երեկոյան եզը հոգնած վերադարձել էր դաշտից և, եթե ինքը երգեր, կենդանուն կթվար, թե արդեն լույսը բացվել է ու պետք է նորից սկսել աշխատանքը:
Վարդաբլուրում, Լոռվա հենց այն գյուղում, որտեղ տեղի է ունեցել այս հետաքրքիր միջադեպը, գյուղապետարանի կողքին տեղադրվել է Կոմիտասի արձանը՝ վար անող եզների ու գյուղացու պատկերով: Արձանը հյուրերին հիշեցնում է «Հորովելի» ծննդավայրի մասին։
Ի դեպ, այսօր Կոմիտաս վարդապետի ծննդյան օրն է: Լրանում է նրա 147-ամյակը։
