Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արհեստական ապացույցներով  գործ են սարքել». պաշտպան

Հասարակություն
armen-miqayelyan

Հիմնադիր խորհրդարանի անդամ Արմեն Միքայելյանից այսօր դատավորը հետաքրքրվեց, թե ինչով է նա զբաղվում:  «Քաղաքականությամբ»,-  եղավ պատասխանը: «Ինչով զբաղվում էի տվյալ պահին, դրա համար էլ նշեցի, թաքցնելու ոչ մի բան չունեմ»,- ասաց Արմեն Միքայելյանը: Հիմնադիր խորհրդարանի,  «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի անդամ Արմեն Միքայելյանը մեղադրվում է  ապօրինի կերպով զենք և ռազմամթերք պահելու,  կրելու  համար։  Ըստ ոստիկանության` նրա մոտից  խուզարկությամբ հայտնաբերվել է թմբուկավոր ինքնաշեն ատրճանակ` լիցքավորված  7   փամփուշտով: «Իմ մոտ զենք չի եղել:  Ես դատարանում եւս նշեցի:  Ավելի մանրամասն կներկայացնեմ, երբ որ ցուցմունքների ժամանակը գա, դեռեւս ցուցմունք չեմ տվել»,- ավելացրեց Արմեն Միքայելյանը: Այսօրվա դատական նիստը  կարճ տեւեց: Ընթերականերից մեկը չէր ներկայացել դատական նիստին: Դատավորը նրան բերման ենթարկելու որոշում կայացրեց: Գործով դատական նիստը կշարունակվի հոկտեմբերի 6-ին: Պաշտպան Երվանդ Վարոսյանը նշում է՝  արհեստական ապացույցներով  գործ են սարքել, որի հետքերը պարզ երեւում են:  Մանավանդ որ քրեական գործում չկա  Արմեն Միքայելյանի անձնական խուզարկության տեսագրությունը: «Նախաքննության մարմնին իրականում չէր հետաքրքրում` այդ ատրճանակը կրե՞լ է անձը, թե՝ ոչ: Հետաքրքրում էր, որ արագ քրեական գործը ուղարկեն դատարան, այս ամենը մի միտում  ուներ՝ Արմեն Միքայելյանին պատասխանատվության ենթարկել, ոնց կստացվի, կստացվի»,- ավելացրեց պաշտպանը: Արմեն Միքայելյանը  բերման էր ենթարկվել հուլիսի 27-ին,  Խորենացիում կայացած ակցիայից հետո։  Նրան կալանավորել են, բայց օգոստոսի 16-ին խափանման միջոցը փոխվել է  գրավով։